Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ստեղծվել էր մեծ մեդիակայսրություն, որը ղեկավարվում էր երկրի թիվ մեկ փեսայի կողմից. Հովհաննես Մովսիսյան (տեսանյութ)

Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը խորհրդարանում տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի ելույթին, թե կա քաղաքական ուժ, որը որոշում է այս կամ այն հեռուստաընկերությունում կամ լրատվականում հյուր չի գնա։

«Խնդիրը ոչ միայն այն է, որ քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչները չեն ուզում գնալ ինչ-որ հեռուստաընկերություն, միգուցե նման բան կա, չեմ կարող ասել, բայց շատ ավելի մեծ խնդիր է, երբ որ հեռուստաընկերությունն է իր համար քաղաքական ուժ ընտրում և սկսում է գովազդել նրան»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը։

Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավարը նշեց, որ երկար տարիներ մեդիադաշտը եղել է մոնոպոլիզացված։

«Գաղտնիք չէ, որ ստեղծվել էր մի մեծ մեդիակայսրություն, որը ղեկավարվում էր երկրի թիվ մեկ փեսայի կողմից։ Այս անձնավորորության գլխավորությամբ հեռուստատեսային դաշտի մոնոպոլիզացիան իրականացվել է ոլորտի հնարավոր բոլոր ճյուղերի զավթմամբ։ Տարբեր կապերով կապված ընկերությունների միջոցով իրենք էին չափում հեռուստատեսային վարկանիշը, իրենք էին տալիս գովազդի գումարը, ինչի շնորհիվ էլ, ըստ մասնագետների, սնուցվում էր այն հսկայական մեդիակայսրությունը, որի մնացորդներն այսօր էլ կան»,- հայտարարեց Հովհաննես Մովսիսյանը։

Ըստ նրա՝ այժմ նախաձեռնել են բարեփոխումներ մեդիադաշտը ապամոնոպոլիզացնելու և դաշտը ազատականացնելու շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում։