Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0629
A A
Հասարակություն

Մահացած զինծառայողների մայրերը կրկին հավաքվել էին կառավարության մոտ․ արդարադատություն են պահանջում (տեսանյութ)

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի առջև։

Արցախի զորամասերից մեկում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝  Իրինա Ղազարյանը, «Ա1+»- հետ զրույցում ասաց, որ իրեն տեղեկացրել են, թե որդու գլխում ուռուցք է եղել, և դրանից է մահացել։ Ղազարյանն ասաց, որ եթե որդին ուռուցքի հետևանքով է մահացել, ապա պետք է պատկան մարմիններն ուռուցքի առկայության մասին վկայող նկարներ տրամադրեին։

«Իրենցից պահանջում եմ ուռուցքի լուսանկարը, ուռուցքը ցույց տվեք, անցնեմ կողքի», - ընդգծեց նա։ Արթուր Ղազարյանի մայրը նաև հավելեց, որ երեկվա դրությամբ երկրորդ դատական նիստն է եղել, և դատախազությունը գործով որոշ նյութեր դեռևս չի ներկայացրել։ 

Արցախի մեկ այլ զորամասում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանն ասաց, որ իր որդուն զորամասում խեղդել, հետո կախել են։ 

«Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանության հասցնելը (Քրեական օրենսգրքի 110 հոդված 1-ին մաս)։ Ես 8 տարի բողոքել եմ, պահանջել եմ, «որ գոնե գրել եք «ինքնասպանության հասցնել» վարկածը, բա՞ էդ հասցնողներն ո՞ւր են»։ Անցյալ տարի նոր որոշեցին, որ ինքնասպանության հասցնողները հայտնաբերվել են, գտել են, որոշել են, որ ինքնասպանության հասցնողը երկու զինվոր է, դրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել, բայց մինչև էսօր չեն գտնում»,- ընդգծեց նա։ 

Մուրադյանը չասաց այդ երկու զինվորի անունները․ ասել է իրավապահ մարմիններին զինվորներից մեկի գտնվելու վայրը՝ Ռուսաստանի Դաշնության որ քաղաքում, որ գյուղում է, սակայն պատասխան է ստացել, որ իրավապահ մարմիններին չի հաջողվում գտնել նրանց։ «Մինչև այսօր ոչ մի գործ չեն անում»,- նշեց նա։ Մուրադյանը, սակայն, համոզված է, որ որդին սպանվել է, ոչ թե ինքնասպանություն գործել։ 

Վարդենիսում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն ասաց, որ որդու մահվան նախնական վարկածը եղել է դժբախտ պատահարը, որ որդին մահացել է էլեկտրահարումից։ 

Սարգսյանի փոխանցմամբ՝ իրեն ասել են, որ իր որդին քուն հրամանից հետո գնացել է տեխնիկայի համար նախատեսված Հսկիչ անցագրային կետ՝ մարզակոշիկ վերցնելու, մոտակայքում նաև տեղակայված է եղել Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի այն ժամանակվա հրամանատար, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի թիկնապահների սենյակը, իսկ որդու մարմինը գտել են սենյակի պատուհանի տակ։ 

«Իմ տղան, իբր հպվելով անտենան պահող տռոսին, էլեկտրահարվել է, և տեղում մահ է գրանցվել։ Իմ տղայի շորերը պատառոտված առգրավել են, թևի շևրոնը պոկված, գրպանում դրած։ Նկարագրությունը նրա մարմնական վնասվածքների․ եղունգների տակի մսերը պոկված, եղունգները չկան»,- նշեց նա։ Մոր խոսքերով՝ փորձաքննությունը ցույց է տվել, հոսանքալարի վրա հետքեր չկան, հագուստի պատռվածքները կասկածելի են արդեն, և քննությունը սխալ ուղղությամբ է գնացել։

Նա հավելեց, որ դեռևս չի ապացուցվել որդու ինքնասպանության հանգամանքը։

Մարտակերտի զորամասում մահացած Արման Մուրադյանի մայրը՝ Հերիքնազ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2013 թվականին իրենց հայտնել են, որ որդին ինքնասպանություն է գործել զենքով։

«Զենքի վրա մատնահետք չկա, որ այդ զենքով իմ էրեխեն ինքն իրեն սպանել է։ Իմ ամուսինը զինվորներին հարցրել է, «Տեսե՞լ եք, որ Արմանն ինքնասպան է եղել», ասել են, որ չեն տեսել՝ «Մենք տեսել ենք, որ քննիչը զենքը մաքրել է»։ Մինչև այսօր այդ քննիչին չենք կարում հաստատենք, որ «Զենքը մաքրել ես»»,- մանրամասնեց Մուրադյանի մայրը։

Հարցին, թե դատական գործն ի՞նչ փուլում է, պատասխանեց, որ սպաներից մեկը (գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Էմիլ Ավետիսյան – հեղ․) դատապարտվել է, սակայն հետո համաներումով 1 տարի 7 ամիս պատիժ է կրել՝ 3 տարի 6 ամիսի փոխարեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում