Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում․ նախագահ (տեսանյութ)

Աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ի մայրաքաղաքում անցկացվող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում: «Ինձ համար սա ճանապարհորդություն է ժամանակի միջով, ճանապարհորդություն դեպի ապագա, քանի որ մի օր, գուցե այսօրվանից հիսուն տարի անց, ձեզնից մեկը կանգնած է լինելու այստեղ և պատմելու է մյուս սերնդին կյանքի իր փորձառության մասին, ներկայացնելու է իր մտորումներն ապագայի մասին։ Հուսով եմ, որ այդ օրը դուք կհիշեք ինձ և հիսուն տարի հետո ինձ ձեր ողջույնները կուղարկեք,- ասել է նախագահը՝ դիմելով երիտասարդներին։-Դուք ապագան եք։ Կարծում եմ՝ ժամանակը մեր կյանքի մեծագույն արժեքներից մեկն է»: Նախագահն առաջարկել է մի պահ ետ պտտել ժամանակի անիվն ու, օրինակ, հարյուր տարով ետ գնալ․ «Գնանք Հայաստանի փոքր գյուղերից մեկը, հանդիպենք կոշկակարի և ասենք. «Ողջույն վարպետ Պետրոս, ինչպե՞ս ես»։ «Ես կոշիկներ եմ կարում, ողջ գյուղը կրում է իմ կոշիկները։ Իմ ընտանիքը շարունակելու է իմ գործը, քանի որ դա շատ կայուն աշխատանք է»։ Նա կպատմի, թե որքան դժվար է գնալ և օգտվել կողքի գյուղի կոշկակարի ծառայություններից։ Ես նրան կասեմ, որ ապագայից եմ եկել, և նա կհարցնի, թե ով է ապագայում գյուղում կոշիկ կարողը։ Եվ ես կպատմեմ, որ չեմ ապրում գյուղում, շատ եմ ճամփորդում և կրում եմ կոշիկներ, որոնք հաճախ են բերվում Իտալիայից։ Նա կզարմանա, թե որտեղ է գտնվում Իտալիան, և ես կպատասխանեմ, որ այն հազարավոր քաղաքներ ու գյուղեր այն կողմ է... Հարյուր տարի առաջ մարդիկ իրենց մասնագիտությունը փոխանցում էին իրենց երեխաներին, սակայն հիմա, երբ մենք քաղաքակրթությունների, ժամանակի, նոր տեխնոլոգիաների խաչմերուկում ենք, կայունությունն ամեն րոպե փոփոխվող աշխարհում նախ և առաջ ենթադրում է, որ չես կարող հույս ունենալ, որ արածդ աշխատանքը հավերժ կշարունակվի»: Նախագահի խոսքով՝ ամեն րոպե փոփոխվող աշխարհում կայունությունը ենթադրում է զարգացում։ «Այսօր կայունությունը նշանակում է ունենալ ավելի շատ հնարավորություններ։ Եվ պետք է օգտվել դրանից,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Այսօր այդ ամենը շատ ավելի հեշտ է։ Այսօր, եթե դու պայծառ միտք ունես, խելացի ես, սովորում ես արագ, հաճախում ես համալսարան, ակտիվ ես, ունես տեսլական, դու ունես մեծ հնարավորություններ, քանի որ հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում։ Եթե տարիներ առաջ ասեիք, որ մեկը կարող է միլիարդատեր դառնալ 25 տարեկանում, մարդիկ կծիծաղեին ձեզ վրա։ Սակայն այսօր, երբ խոսում եմ երիտասարդների հետ, բոլորը ցանկանում են լինել ապագա Բիլ Գեյթս, Սթիվ Ջոբս։ Սա ցույց է տալիս, որ աշխարհը փոխվում է։ Հաջողության է հասնում նա, ով կարողանում է վերցնել տեղեկատվությունը, ուսումնասիրել և օգտագործել այն, ունի տեսլական և կարողանում է մշակել այդ տեղեկատվությունն ու գնալ 30-40 տարի առաջ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենալու տարիներ հետո։ Նա պետք է ունենա տեսլական, ծրագիր, ռազմավարություն և ամեն օր կյանքի կոչի դա»: Որպես օրինակ ներկայացնելով տիեզերք թռչելու իր երազանքը՝ նախագահն ասել է ․«Երբ ես շատ փոքր էի, առաջին մարդը թռավ տիեզերք։ Նրա անունը Յուրի Գագարին էր։ Թվում էր, որ դա գիտական ֆանտաստիկա է։ Ինչպե՞ս կարող է մարդը գնալ տիեզերք։ Սակայն այդ օրվանից ես սկսեցի երազել տիեզերք թռչելու մասին։ Եվ կյանքիս ընթացքում անընդհատ մտածում եմ՝ կկարողանա՞մ իրականացնել երազանքս, թե՞ ոչ։ Սկզբում ես գիտնական էի, իսկ տիեզերք գնալու համար պետք է ֆիզիկապես ամուր լինել, պատրաստված, լինել աստղագետ, իսկ դա նշանակում է, որ երիտասարդ մաթեմատիկոսը չէր կարող դա անել։ Հետո ես դարձա դիվանագետ, ապա վարչապետ, հետո դարձա ազատ մարդ, գործարար, սակայն երազանքս շարունակում է մնալ։ Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք»: Նախագահ Սարգսյանն արձանագրել է, որ աշխարհը փոխվում է, սակայն մարդկային արժեքների տեսանկյունից այն քիչ թե շատ նույնն է։ «Մենք չպետք է վախենանք այդ փոփոխություններից,- նշել է նա։ -Ամեն բան շատ ավելի արագ է փոխվելու, փոխվելու է ամեն օր։ Եթե 1960-70-ականներին կային միայն երկու գերտերություններ, որոնք կարող էին տիեզերք մարդ ուղարկել, ապա հիմա անգամ մասնավոր ընկերություններն են մտածում այդ մասին։ Տիեզերք թռչելը դառնալու է սովորական մի բան։ 30, 40, 50 տարի առաջ բոլորը վախենում էին, որ համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն իրենց աշխատանքը։ Սակայն համակարգիչները հարյուր միլիոնավոր աշխատատեղեր ստեղծեցին։ Հիմա գալիս է արհեստական բանականությունը, սակայն կարիք չկա անհանգստանալու, քանի որ ձեր բնական, մարդկային բանականությունը միլիոնավոր անգամ ավելի հզոր է, քան որևէ արհեստական բանականություն։ Այն կօգնի ձեզ ստեղծելու ռոբոտներ, կբազմապատկի ձեր ֆիզիկական ուժը, քանի որ դուք կօգտագործեք ռոբոտներ, այն ձեր կյանքն ավելի ստեղծարար կդարձնի։ Դուք կզբաղվեք ոչ թե ֆիզիկական գործերով, այլ ստեղծագործելով։