Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակոբ Արշակյան
A A
Քաղաքականություն

Հայաստանն այլ շանսեր չունի, քան բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դառնալը․ նախարար (տեսանյութ)

«Մենք այս օրինագծով կարգավորում ենք ևս մեկ ոլորտ. այն ինժեներական բարձր տեխնոլոգիաների զարգացման խթան պետք է հանդիսանա։ Եթե չենք կարողանում օրենսդրական դաշտը կարգավորել որևէ ոլորտի համար, ապա այդ ոլորտը ռիսկային է դառնում Հայաստանի համար»,-  նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` անդրադառնալով Տիեզերական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։

«Սա մի ոլորտ է, որ պետք է կարգավորել։ Եթե ցանկանում ես տեխնոլոգիական երկիր դառնալ, օրինակ, տեսել եք՝ հիմա այնպիսի երկրներ են մեքենաներ արտադրում, որը տարիներ առաջ երազել կարելի էր։ Դա նշանակում է, որ տեխնոլոգիաները հասել են այնպիսի զարգացման, որ որևէ բան արտադրելու համար ավելի շատ տեխնոլոգիական գիտելիքն է կարևոր, քան այս կամ այն ինդուստրիալ գիտությունը։ եթե չենք զարգացնում և կարգավորում այս ուղղությունները, ապա ի՞նչ ենք կարգավորում ։ Հայաստանն այլ շանսեր չունի, քան բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դառնալը և այդպիսով տնտեսությունը առաջ տանելը»։

Հակոբ Արշակյանը տեկացրեց նաև, որ այս տարվա համար նպատակները լինելու են «միջազգային խաղացողներին գայթակղել մեր այս օրենսդրական փաթեթով և համոզել, որպեսզի Հայաստանում գործունեություն ծավալեն»։

Նշում է՝ թեկուզ և  արտահանելու և հավաքելու գործունեություն, որպեսզի այդ խաղացողներին կարողանանք գայթակղել և բերել Հայաստան։

«Տիեզերական արդյունաբերության շուկան աշխարհում 25մլրդ դոլար է արդեն և շարունակում է աճել։ Եվ եթե առաջ պետություններն էին այս ամենով զբաղված, հիմա արդեն շատ կոմերցիալներ են սկսել զբաղվել։ Տասնյակ հազարավոր տիեզերական ապարատներ տիեզերք բաց թողնելու և այնտեղից ամբողջ երկիր մոլորակը սնելու մասին են խոսում։ Այսինքն՝ այս տեխնոլոգիաները ստիպել են, որպեսզի արդյունաբերության տարբեր ճյուղեր, ինչպիսին են՝ մեքենաշինությունը, տիեզերական մեքենաշինությունը, այլ ուղղություններ փոխվեն։ Մենք այս հնարավորությունները պետք է օգտագործենք»։

Հակոբ Արշակյանը նաև կարծում է, որ տարածաշրջանում շատ երկրներ, ովքեր տեխնոլոգիաներով զարգացած են, իրար նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում, իսկ «Հայաստանը որոշակի տեսանկյունից չեզոք է»։ Այդ տեսանկյունից այստեղ գործողություններ ծավալելը և արտահանելը, նրա խոսքով, շատ հնարավորություններ կարող է ստեղծել, որպես կոնֆլիկտներից խուսափող տարածք։