Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134394
A A
Հասարակություն

«Դիանա Հարությունյան» օգտատիրոջ գործով ունենալու ենք արդարացման դատական ակտ․ փաստաբան (տեսանյութ)

«Ներկայումս Քրեական օրենսգիրք չի պարունակում այնպիսի նորմեր, ով կարելի է հետապնդում իրականացնել կեղծ տեղեկություններ տարածող օգտատիրոջ նկատմամբ»,այսօր հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության կողմից «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ բացահայտմանը և ԱԱԾ-ի հայտարությանը, թե հետամուտ լինելով իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը՝ ԱԱԾ-ն շարունակելու է բացահայտել համացանցում կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին, փաստաբանն ասում է՝  ԱԱԾ-ն  այդպիսի գործառույթ, լիազորություն, առավել ևս՝ պարտականություն չունի․

«Ընդունենք՝ հայտնաբերեցին կեղծ օգտատիրոջը, ի՞նչ պետք է անեն, Քրեական օրենսգիրքը չի սահմանում նորմ, որով կարելի է պատժել։ «Դիանա Հարությունյանի» պարագայում ինչ-որ  առումով կանգնել են շատ վատ խնդրի առաջ, առաջադրել են մի մեղադրանք, որը քիչ թե շատ առերևույթ վերաբերելի է, սակայն ըստ էության նման նորմ չկա։ 226-րդ հոդվածը, որը առաջադրել են կեղծ օգտատիրոջը, կրոնական մոլեռանդության, ռասիզմի, ազգայնամոլության հոդվածն է, երբ անձի գործողություններն ուղղված են նման նպատակների»։

Փաստաբանի խոսքով՝ «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ ցուցմունք-հայտարարությունից պարզ դարձավ, որ նրա նպատակները հիմնականում քաղաքական են, և սա այն հանցակազմն է, որը շատ դժվար ապացուցելի է․

 «Եթե չլինի անձի ինքնախոստովանական ցուցմունքը, գրեթե անհնար է ապացուցել, որ անձի գործողություններն ուղղված են հենց այդ նպատակին։ Այս դեպքում մենք սա չունենք, և որքանով ինձ է հայտնի, նա ունի բավական փորձառու պաշտպան։ Կարծում եմ՝ այդ գործով ունենալու ենք արդարացման դատական ակտ»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը կարծում է, որ ոլորտում օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն կա, դաշտը ազատ թողնելը սխալ է։