Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Ղազարյան
A A
Հասարակություն

Պետության պատասխանատվության հարց առաջ չի քաշվում․ Արա Ղազարյանը՝ Իրանում խոցված ինքնաթիռի մասին

Հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Իրանը, որ ուկրաինական ինքնաթիռի խոցվել է «մարդկային սխալի հետևանքով»։

Ուկրաինական ինքնաթիռը հունվարի 8-ին Թեհրանի՝ Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու, կործանվել էր, և բոլոր 167 ուղեւորներն ու անձնակազմի 9 անդամները մահացել էին։

«Ա1+»-ը միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի կապ հաստատեց՝ տեղեկանալու, թե ինչպիսի՞ հետեւանքներ կարող են լինել ստեղծված իրավիճակում։ 

Ղազարյանն ասաց, որ նախևառաջ պետք է հետաքննություն, քննություն իրականացվի, մեղավորը հայտնաբերվի, պատժվի տվյալ երկրի օրենքով։ 

«Միջազգային պատասխանատվություն չի առաջացնում, ավելի շատ փոխհատուցում պետք է տրամադրվի, բայց պետք է ուսումնասիրվեն կոնկրետ այն փաստաթղթերը, որոնք կարգավորում են միջազգային ավիափոխադրումները։ Բայց քանի որ Իրանն ընդունել է, և չկա զինված հակամարտության հետ որևէ կապվածություն կամ դիտավորություն՝ որպես այդպիսին պատասխանատվություն չի առաջացնում։ Առայժմ դեռ պետք է փոխհատուցում տրամադրի, հետո քննությունից կպարզվի»,- նշեց նա։

Ըստ փաստաբանի՝ ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները  զինված հակամարտություն են, և ինքնաթիռի կործանումն Իրանի համար չի կարող առաջացնել պատասխանատվություն։ 

Փոխհատուցումները, Ղազարյանի խոսքերով, մասնավոր կարգով են լինելու․ «Ավիաընկերությանը փոխհատուցում կտրվի ինքնաթիռի համար, նաև իհարկե զոհվածների հարազատներին, բայց պետության պատասխանատվություն առաջ չի քաշվում․ սա զինված հակամարտություն չէ, մարդկության դեմ կատարված հանցագործություն չէ»։ Միջազգային իրավունքի մասնագետն ասաց, որ կա վեճի բացակայություն, իսկ պատասխանատվությունն առաջանում է այն ժամանակ, երբ որ կա վեճ։

«Իրենք ընդունել են մարդկային գործոնը, պետք է քննություն կատարվի, մեղավորը պատժվի։ Եթե մեղավորը չպատժվի կամ փոխհատուցումը չտրամադրվի, արդեն տուժողների իրավահաջորդները մասնավոր հայց են կարող ներկայացնել»,- նշեց նա։ 

Ապագայում եթե հարցը չլուծվի, ըստ Ղազարյանի, միջազգային պատասխանատվության հարց կարող է բարձրանալ պետության առջև։ «Բայց այս պահի դրությամբ գործընթացը նոր է սկսվել և պետք է սպասել, տեսնել, թե ինչպես կավարտվի»,- եզրափակեց իրավաբանը։