Բացել լրահոսը Փակել լրահոսը
174892
A A
Հասարակություն

Իրականությո՞ւն, թե խոսակցություն․ ո՞վ է սատարում հիվանդանոցի տնօրենի թեկնածուին

Վաղը կայանալու է Գյումրու մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը,որին մասնակցելու են գործող  տնօրեն Աշոտ Կուրղինյանը, ով պաշտոնավարել է 15 տարի, և բժիշկ Ժորա Սերոբյանը։

Ըստ շրջանառվող լուրերի՝  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը աջակցում է Ժորա Սերոբյանին։ Վերջինս«Նոր Հայրապետ, նոր Հայաստան» նախաձեռնության անդամ,  Հայաստանի  պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի քեռու որդին է։  Հայտնի է, որ Կարեն Պետրոսյանը եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ընկերներ են։

 Աշոտ Կուրղինյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ թեև չի ուզում հավատալ շրջանառվող խոսակցություններին, բայց նման մթնոլորտ առկա է․

«Քաղաքը փոքր է, գալիս, տարբեր տեղերից հարցնում են, թե ոնց եմ պայքարելու մյուս թեկնածուի մտերիմների դեմ, իբրև ամեն ինչ որոշել են արդեն, չեմ ուզում հավատալ։ Սպասում էի բժշկից, որ նա ինձ դիմեր, ասեր, որ նման բան չկա, ցավում եմ, որ չի եկել։ Ինքը իմ ենթակայության տակ գտնվող կառույցի բժիշկ է և որևէ բան չէր կաշկանդում գալ, ինձ ասել, որ խոսակցություններին չհավատամ»։

Գործող տնօրենն ասում է՝ խոսակցությունները նոր չեն, բայց հույս ունի, որ արդարությունը կհաղթի, և մարզպետը վեր կկանգնի նեղ անձնային շահերից։

Լուսանկարում՝ Աշոտ Կուրղինյանը

  

 

Մյուս թեկնածուն՝ Ժորա Սերոբյանը, հիմնավոր չի համարում շրջանառվող խոսակցությունները, ասում է՝ իրեն սատարում է միայն իր ընտանիքը․

«Տարբեր խոսակցություններ են եղել, որ ինձ տարբեր պաշտոններ են խոստացվել, բայց մինչև հիմա ոչ մի պաշտոն չի տրվել»։

Գործող տնօրենը, մինչդեռ, նշում է, որ իրեն խոսակցություններ են հասել, թե  մյուս թեկնածուն արդեն տարբեր մարդկանց աշխատանք է խոստացել։

 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար  Կարեն Պետրոսյանը առհասարակ բացառում է իր կամ մարզպետի կողմից հովանավորչությունը․

«Ես, իմանալով Շիրակի մարզպետին և իր սկզբունքները, առավել քան վստահ եմ, որ նման բան չի կարող լինել։ Մեր երկրում հովանավորչությունը պիտի վերջ ունենա՝ ինձնից սկսած, վերջացրած կառավարման ամենավերին օղակներով, չի լինելու նման բան»։

Ժորա Սերոբյանի մասին ասում է՝ 20 տարի բժշկությամբ զբաղվող բարձր որակի մասնագետ է, ով հավասարաչափ իրավունք ունի ՀՀ-ում ստանձնել պատասխանատվություն։

Հորդորում է լրագրողներին մասնակցել առաջիկա մրցույթին և հանրայնացնել  ողջ ընթացքը․ Կարեն Պետրոսյանի խոսքով՝ սա կլինի բոլոր հարցերի լավագույն պատասխանը․

«Անկախ նրանից, թե Ժորա Սերոբյանը ում մտերիմն է, ում բարեկամն է, նա շատ բարձր մակարդակի  մասնագետ է, ունի լուրջ կառավարման հմտություններ, անցել է միջազգային վերապատրաստումներ»։

Հարցին, թե ինչպես է գնահատում սեփական շանսերը, գործող տնօրեն  Կուրղինյանը արձագանքեց, որ բարձր է գնահատում, քանի որ մրցույթի է գնում իրավական ակտերին ծանոթ լինելով, պատրաստված է, և իր ղեկավարած կառույցը որևէ խնդիր չունի, ընդհակառակը՝ առաջ է գնում հեռանկարային ծրագրերով։

Իսկ Ժորա Սերոբյանն էլ ասում է․

«Ես նախապատրաստվում եմ քննության, գնահատականը կերևա վաղը»։

Հիշեցնենք,ո ր «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց» ՓԲԸ-ն (նախկին Ավստրիական Մանկական Հիվանդանոց) հիմնադրվել է 1991թ. դեկտեմբերին: Հիվանդանոցի կառուցումը Ավստրիայի հանրապետության նվերն էր երկրաշարժից տուժածներին: Հիվանդանոցը սկսեց գործել 1992թ-ից և մինչև այժմ այն համարվում է հանրապետությունում խոշոր, իսկ Շիրակի մարզում միակ մանկական բազմապրոֆիլ հիվանդանոցը:

Լուսանկարում՝ աջից վերջինը՝ Ժորա Սերոբյանը՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանի կողքին

նկար.jpg (121 KB)