Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 11-ը հունվարի․ .Ծեծի են ենթարկվում Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք (տեսանյութ)

1998-ին այս օրերին «Չիպոլինոյի արկածների» մի հատվածը Հայաստանի Հանրապետության հագով էր՝ հունվարի 10-ից Ռոբերտ Քոչարյանի կառավարության որոշմամբ ուժի մեջ է մտնում օդային տուրքի գանձումը: Հայաստանի օդային սահմանն անցնելիս յուրաքանչյուր ոք նախ պետք է մուծի 10 հազար դրամ, ապա նոր հեռանա երկրից կամ վերադառնա:

1999-ի հունվարի 11-ին Դեմոկրատական կուսակցությունը բողոքի ակցիա է անցկացնում «Արմենթելի» դեմ: Կուսակցությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է չեղյալ համարել «Արմենթելի» հետ պայմանագիրը: Մարդիկ իշխանություններից պահանջում են «Արմենթելին» զրկել մենաշնորհից։

2000-ի հունվարի 11-ին գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ «Արմավիրի» էլեկտրացանցի տնօրեն Աշոտ Գրիգորյանն անջատել է մի շարք կենցաղսպասարկման օբյեկտները: Արմավիրցիները Աշոտ Գրիգորյանին էներգետիկ համակարգից հեռացնելու պահանջով փակում են Արմավիր-Երեւան ավտոմայրուղին։ Արմավիրցիները բողոքում են նաեւ այն փաստից, որ ավելի հաճախ վճարում են հաշվիչի ցուցմունքը գերազանցող գումար։ Արմավիր է ժամանել էներգետիկայի փոխնախարարը, որն անձամբ է լսում սպառնալիքները։ Բայց մտադիր չէ գեներալի եղբորն ազատել աշխատանքից։

2000-ի հունվարի 11-ին Հոկտեմբերի 27-ի նախաքննությունը վարող Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում է, որ ոչ մեկին սխալ չեն ձերբակալում, այդքան հեշտ չէ մարդկանց ձերբակալելը։ Նոր ձերբակալվողների անունները չի տա, չի ասի նաեւ, թե իրականում ինչ սցենար ուներ հոկտեմբերի 27-ը։

2001-ի հունվարի 10-ին նախագահ Քոչարյանին հրաժարական է ներկայացնում Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։ Նույնիսկ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը չգիտի, թե որն է հրաժարականի պատճառը։ Տարածքային կառավարման նախարարը չի ասի, թե ով է լինելու նոր քաղաքապետը։

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանն ընդունում է Ալբերտ Բազեյանի հրաժարականը եւ մեկ այլ հրամանագրով Երեւանի քաղաքապետ նշանակում էներգետիկայի նախարարի տեղակալ Ռոբերտ Նազարյանը։ Քաղաքապետարանի ի պաշտոնե աշխատակազմի ղեկավարը լույս է սփռում Ալբերտ Բազեյանի հրաժարականի վրա։ Նրա եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ վաղուց տարաձայնություններ կային։

Եվրախորհրդի աջակցությամբ 2001-ի այս օրը հրավիրված սեմինարում լրատվամիջոցներն արձանագրում են, որ լրատվական դաշտի օրենքները իշխանության քիմքով են։ Լրագրողները մեղադրում են խորհրդարանին։ Ըստ Բորիս Նավասարդյանի, քաղաքացիական եւ քրեական օրենսգրքերը հիմնականում լրագրողների դեմ են։

2010-ի հունվարի 11-ին մեծամասնական ընտրակարգով տեղի են ունենում խորհրդարանի լրացուցիչ ընտրություններ։ Թեկնածուները 4-ն են։ Նրանցից մեկը Նիկոլ Փաշինյանն է։ Նրա վստահված անձինք տեղամասերից մեկում փորձում են կանխել լցոնումները։ Իշխանության թեկնածու Արա Սիմոնյանի ներկայացուցիչները ծեծում են նրանց։ Այս ջարդին աջակցում է նաեւ ոստիկանության մի մայոր, որն անձամբ է բռնում Մակեյանի ձեռքերը, որպեսզի նրան ծեծեն։ Միջադեպը նկարահանող Առաքել Սեմիրջյանի վրա է հարձակվում Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։

2011-ի հունվարի 11-ին Հայաստանը հրաժեշտ է տալիս երկու օր առաջ մահացած մաեստրո Օհան Դուրյանին։ Հրաժեշտ տվողների մեջ է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ առաջին տիկինը։