«17 գյուղերից ընդամենը 5-ն է սպասարկվել Մարալիկի ծննդատան կողմից» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե ծննդաբերության ընթացքում բարդություններ առաջանան, Գյումրիում և Ախուրյանում ծննդաբերողը կփրկվի, իսկ Մարալիկում՝ ոչ»,- ասում է Առողջապահության նախարարության Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։
Ըստ առողջապահական ոլորտի փորձագետների՝ Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունների կանխարգելման միջոց է։
«Մարալիկի առողջության կենտրոնի ծննդարանը շաբաթական կտրվածքով ունենում է 1-2 ծննդի ընդունում։ Ծննդատանը չկա պահանջվող կադրային հագեցվածություն, չկա վիրահատող մանկաբարձ գինեկոլոգ, անասթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, նեոնատոլոգ։ Հետևաբար՝ թողնել մանկաբարձական մահճակալների հետագա ծավալումը վտանգ է ներկայացնում մայրացող կանանց և նորածինների համար»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը նշեց Գայանե Ավագյանը։
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչը արձագանքում է Մարալիկի ծննդատան փակմանը ընդդիմացողներին, որոնք պնդում են, թե նման որոշումը չի բխում մարզի շահերից, քանի որ այն սպասարկում է 17 համայնքի։
«Միջհամայնքային տրանսպորտի չզարգացվածության պատճառով 17 գյուղերից ընդամենը 5 գյուղ է սպասարկվել Մարալիկի ծննդատան կողմից։ 149 ծնունդ գրանցվել է մարզի մյուս ծննդօգնություն իրականացնող հիմնարկներում»,- նշում է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանը։
Համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։
Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:
«Վերջին 5 տարվա ընթացքում կա նվազման տենդենց։ 2015 թվականից մինչև 2019 թվականը ուղիղ 50 ծնունդ պակաս»,- նշում է Լեյլի Ասլանյանը։
Մարալիկում ծննդատան փակման պատճառով աշխատակիցները և քաղաքացիները փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը, ասելով՝ աշխատակազմը զրկվում է աշխատանքից։
«Մարալիկի առողջության կենտրոնի այդ բաժնում աշխատում են 4 մանկաբարձուհի, որից 2-ը կենսաթոշակային տարիքի են, 4 մայրապետ, որից 2-ը կենսաթոշակային տարիքի են, 4 մանկական բուժքույր, որոնցից մեկը համատեղող է, այսինքն՝ հարցը վերաբերում է 7 աշխատակցի, ում խնդիրը, հույս ունենք, որ մարզպետարանը կլուծի»,- նշում է Գայանե Ավագյանը։