Բացել լրահոսը Փակել լրահոսը
43426_serj-sargsyan_1911_M
A A
Քաղաքականություն

Այս գործով նպատակ է դրվել Սերժ Սարգսյանի վրա քաղաքական ճնշումներ գործադրել. փաստաբան

Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է Դիզելային վառելիքի գործով նախաքննությունը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Քրեական գործով մեղադրյալներ են Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և այլ անձինք, որոնց անունները դեռևս ՀՔԾ-ն չի հայտնում։

«Այս պահին դեռ գործը ՀՔԾ-ում է, դեռ չենք ուղարկել գլխավոր դատախազություն հաստատման համար, մանրամասներ չենք հայտնում։ Հավանաբար հաջորդ շաբաթ մամուլի հաղորդագրություն կտարածենք»,- նշեց Օհանջանյանը։

Սերժ Սարգսյանի փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործի նյութերը երեկ երեկոյան են տրվել՝ ծանոթանալու համար։

«Գործի նյութերին այն չափով, ինչ չափով, որ հասցրել եմ ծանոթանալ, անգամ հպանցիկ, և դա վերահաստատում է իմ հայտարարություններն այն մասին, որ քրեական գործն ամբողջությամբ շինծու է և խարսխված մեկ ցուցմունքի վրա, որի արժանահավատությանը, ցուցմունքը վերցնելու գործընթացի մասին, դրան ուղեկցող երևույթների մասին, ընդհանրապես այդ ցուցմունքի գնահատմանը մենք հետագայում կանդրադառնանք»,- նշեց փաստաբանը։

Մակինյանի խոսքերով՝ այս գործով նպատակ է դրվել Սերժ Սարգսյանի վրա քաղաքական ճնշումներ գործադրել, և «քրեական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»։ Փաստաբանն ասաց, որ սահմանափակվել են քրեական գործին ծանոթանալու ժամկետները։

«Քրեական գործը բազմահատոր է, կան նաև  էլեկտրոնային բավականին մեծ ծավալի նյութեր։ Մեզ տրվել է 4 օրացույցային օր ամբողջ նյութերին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար։ Մինչդեռ վարույթ իրականացնող մարմնին դիմել էինք մեզ 6 աշխատանքային օր տրամադրել պատշաճ ծանոթանալու համար։ ՀՔԾ-ի  այս շտապողականությունը կրկին անգամ ցույց է տալիս, որ ծառայությանը քիչ է հետաքրքրում՝ ինչ միջնորդություններ պետք է ներկայացնենք, թույլ չի տալիս գործի նյութերին ամբողջովին ծանոթանալու համար և շարունակվում է պարոն Սարգսյանի իրավունքների խախտումը»։ 

Սարգյանի պաշտպանը նաև անդրադարձավ իր պաշտպանյալի գույքի վրա դրված կալանքի հարցին՝ նշելով, որ դրա մասին իմացել են մամուլից, և օրենքով քննիչը պարտավոր էր տեղեկացնել այդ մասին։ 

«Պահանջից հետո ստացել ենք մի որոշում, որի հիմնավորվածությունը հավասարեցված է զրոյի։ Ուղղակի ձևակերպումներ են արված քրեական դատավարության օրենսգրքով առանց այդ ձևակերպումները հիմնավորող որևէ ապացույցի», - նշեց փաստաբանը։

Գույքի վրա կալանքի որոշումը փաստաբանական խումբը բողոքարկել է գլխավոր դատախազություն, սակայն դեռևս նորություն չկա, իսկ իրենց կողմից արձանագրված մնացյալ խախտումներին հետագայում կանդրադառնան։ 

Մյուս մեղադրյալների, ցուցմունք տվողի ով լինելու մասով Մակինյանը նույնպես որևէ բան չասաց։ 

Ըստ ՀՔԾ-ի՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: