Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 անգամ շատ

Սպորտ

Շախմատի Հայաստանի 2010 թ չեմպիոնը կվաստակի 1,2 մլն դրամ: Խոսքը վերաբերում է տղամարդկանց առաջնության հաղթողին: Իսկ ահա կանանց մրցաշարի հաղթողը 4 անգամ քիչ պարգեւավճար կստանա: Դա հայտնի դարձավ այսօր` շախմատի հանրապետական առաջնության բացման արարողության ժամանակ:

Միաժամանակ տղամարդկանց առաջնությունում 1-5-րդ տեղերը գրավող շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու 2010 թ Եվրոպայի առաջնությանը, իսկ հաջորդ երեք տեղերը զբաղեցնողները Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կողմից փետրվարին կգործուղվեն Մոսկվա, որտեղ կմասնակցեն «Աերոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարին: Հավելենք, որ ՀՀ այս տարվա առաջնությունն իր վարկանիշով 12-րդ կարգի մրցաշար է, իսկ միջազգային գրոսմայստերի նորման հավասար է 6,5 միավոր:

Հիշեցնենք, որ եւ կանանց, եւ տղամարդկանց առաջնություններին կմասնակցեն 10-ական շախմատիստներ: Երկուսն էլ կանցկացվեն շրջանային մրցակարգով, ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն:

Երեկ նշել էինք, որ հարցականի տակ է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի մասնակցությունը: Այսօր վիճակահանության ժամանակ պարզվեց, որ նրա տեղը հանդես կգա գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: Ի դեպ, առաջնության կազմակերպիչները նվերների տեսքով էին պատրաստել մասնակիցներին բաժին հասնող թվերը, մասնավորապես` շախմատիստների վիճակահանության ժամանակ օգտագործվեցին գինու շշեր:

Առաջին տուրի պարտիաները տեղի կունենան վաղը, ժամը 15:00-ին:
Ահա զույգերը.
Կանանց առաջնություն.
Լիա Մարտիրոսյան - Լուսինե Կարապետյան
Անի Խանամիրյան - Աննա Հայրապետյան
Մարիանա Գասպարյան - Վարդուհի Քալաշյան
Անահիտ Խառատյան - Նաիրա Մովսիսյան
Նարինե Գասպարյան - Սիրանուշ Անդրիասյան

Տղամարդկանց առաջնություն.
Տիգրան Պետրոսյան - Զավեն Անդրեասյան
Ավետիք Գրիգորյան - Տիգրան Քոթանջյան
Արտաշես Մինասյան - Դավիթ Պետրոսյան
Հրանտ Մելքումյան - Դավիթ Քալաշյան
Ռոբերտ Հովհաննիսյան - Արթուր Չիբուխչյան