Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134324
A A
Հասարակություն

«Դատարանը վեր է ածվում ռազբորկաների»․ վիճաբանություն՝ դատական նիստի ժամանակ (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հանդես եկավ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ։

Ըստ նրա՝ անձը չի կարող մեղադրվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը տվյալ պահին գործող ներպետական ատյաններով չի համարվել քրեական հանցագործություն:

«Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքները, ըստ վարույթն իրականացող մարմնի, եղել են 2008 թվականի մարտից-փետրվար ամիսներին: Հիմա հարց է, արդյոք այդ ամիսներին Խաչատուրովին առաջադրված մեղադրանքներն այդ ժամանակ համարվե՞լ են քրեորեն պատժելի, թե՝ ոչ: Այս հարցին որևէ մեկը պատասխանել չի կարող, սա իրավական անորոշության գագաթնակետն է»,- նկատեց փաստաբանը:

Միջնորդություններ ներկայացնելուց հետո դատարանում վիճաբանություն սկսվեց պաշտպանական կողմի և տուժողների միջև։ Տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը, ելույթ ունենալով ընդդեմ այսօր դատական նիստում ներկայացված միջնորդությունների, նշեց․

«Իրենք եթե մեր փոխարեն լինեն մեկ վայրկյան կամ մեկ րոպե, իրենց լա՞վ կզգային․․․ Թող հարգեն Մարտի 1-ը, ու չփորձվեն այլ երևույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրին»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, թե իր հասցեին սպառնալիք է հնչել։ Վիճաբանության ընթացքում մեկ այլ վիճաբանություն սկսվեց ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների միջև, որի հետևանքով դատարանի կարգադրիչները ստիպված եղան Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկին դուրս հրավիրել նիստերի դահլիճից։ Իրավիճակն այնքան սրվեց, որ ելույթ ունեցավ նաև ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։

Նա, դիմելով դատարանին, պահանջեց հիմա դատական նիստի ձայնագրությունը հրապարակել։ Դատավորն ասաց, որ այս պահին դա հնարավոր չէ, այն ավելի ուշ կտրամադրվի իրենց: Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկություն ներկայացրեց կողմերի գործողությունների վերաբերյալ։

«Դատարանը վեր է ածվում քննարկումների և ռազբորկաների, մենք ենք սկսել, դուք եք սկսել, ինչի՞ հայտարարվեց, դուք ինձ ասեք, թե ինչ է ասել։ Դատական նիստը ձայնագրվում է, պաշտպանության կողմը ցանկացած հանգամանք, որն իրեն պարզ չի եղել, կարող է ձայնագրությունները ստանալ, պարզել և իր համար հետևություններ անել։ Սա դատական նիստի կարգ չէ»,- նկատեց նա։

Դատարանն ընդունելի համարեց դատախազի առարկությունը։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Նա նշեց՝ եթե դատախազության համար նորմալ է, որ սպառնալիք հնչի, ապա այդ դիրքորոշումը իրենք կհամարեն դատախազության դիրքորոշումը։

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պետք է ժամը 15։00-ին այլ գործի շրջանակում ներկայանար դատարան։

Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 13։00-ին։