17 տարեկանները սկսեցին պատրաստվել
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը այս օրերին գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում` նախապատրաստվելով աշնանը կայանալիք Եվրոպայի 2011 թ պատանեկան առաջնության ընտրական մրցաշարին:
Թիմը հանգրվանել է «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումներն անցկացնում է ֆուտբոլի հավաքականների տեխնիկական կենտրոնի արդեն շահագործման հանձնված արհեստական խաղադաշտում: Հավաքի ընթացքում հավաքականը կանցկացնի 2 ստուգողական հանդիպում` հունվարի 23-ին «Փյունիկ-2»-ի, իսկ 30-ին` նախկին 17 տարեկանների ընտրանու հետ:
Հավաքին մասնակցում են 23 ֆուտբոլիստներ, որոնցից 22-ը ներկայացնում են Հայաստանի թիմերը («Փյունիկ», «Բանանց», «Միկա», «Իմպուլս»), իսկ Ալբերտ Ամիրխանյանը հոլանդական «Հելմոնդ սպորտ» թիմի պատանեկան կազմի դարպասապահն է:
Վերջինս արդեն գտնվում է Երեւանում եւ այսօր առավոտյան մասնակցեց պատանեկան հավաքականի երկրորդ մարզմանը: Դրա ժամանակ մեծ ուշադրություն դարձվեց ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության վրա (Սուրեն Չախալյանին այդ հարցում օգնում էին «Փյունիկի» ֆիզիկական պատրաստության արգենտինացի մարզիչները): Հավաքականի գլխավոր մարզիչը «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ հարցազրույցում ասաց, որ այս հավաքին իրենք նպատակ են դրել հենց բարձրացնել ֆուտբոլիստների ընդհանուր ֆիզպատրաստությունը:
Մեր այն հարցին, թե ինչպես է կատարել խաղացողների ընտրությունը, քանի որ նրանք առաջին անգամ են հրավիրվում հավաքական, Սուրեն Չախալյանը ասաց. «Մենք վաղուց ենք սկսել 1994 թ ծնված ֆուտբոլիստների փնտրման աշխատանքները: Անցած երկու տարիներին առավել խոստումնալիցներին հաճախ հավաքում էինք 1-2 օրով եւ մարզում: Հրավիրել ենք նաեւ արտերկրներում պարապող (Գերմանիա, Ուկրաինա, Ռուսաստան) հայզագի մի քանի այդ տարիքային խաղացողների, սակայն նրանց կապակցությամբ դեռեւս վերջնական որոշում չենք կայացրել»:
Գլխավոր մարզիչը չի բացառում, որ մինչեւ Եվրոպայի առաջնության մեկնարկը թիմում կընդգրկվեն նոր խաղացողներ, սակայն ըստ նրա, հավաքականի կորիզը հիմնականում կկազմեն հենց այս հավաքին մասնակցող ֆուտբոլիստները: