Երևանում՝ «Հրազդան» կիրճում, ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը
Աջակցիր «Ա1+»-ինShamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, ով ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տարբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արմեն Սուքիասյանի գլխավորությամբ: Տեղում Հ. Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են են նախապատրաստվում: Հետաքննիչ Ա. Սուքիասյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Ղարիբյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Հովհաննես Ազոյանը ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ, մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի հետհեղափոխական Հայաստանում, այն առայսօր, վտանգ է պարունակում հասարակության համար»: