Հոկեյիստներ, թե՞… խուլիգաններ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկեյի միջմայրցամաքային լիգայի (ՀՄԼ) «Վիտյազ» (Չեխով) - «Ավանգարդ» (Օմսկ) խաղին տեղի ունեցած միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Այդ մասին տեղեկացրել է Մերձմոսկովյան մարզի կառավարության փոխնախագահ Սերգեյ Կոշմանը:
Նշենք, որ հունվարի 9-ին մերձմոսկովյան Չեխով քաղաքում կայացած այդ հանդիպումը ընդհատվել էր արդեն 4-րդ րոպեին, երբ երկու թիմերի բոլոր հոկեյիստները մասսայական ծեծկռտուք էին սարքել խաղադաշտում, որի ընթացքում 13 խաղացողները, ինչպես նաեւ նրանց բաժանող 3 մրցավարները տարբեր կարգի վնասվածքներ են ստացել:
ՀՄԼ երկու թիմերին էլ գրանցել է 0:5 հաշվով պարտություն, «Վիտյազին» տուգանել 4, իսկ «Ավանգարդին»` 1 մլն ռուբլիով: Մերձմոսկովյան ակումբը միաժամանակ զգուշացվել է, եւ նույնը կրկնվելու դեպքում թիմը կհեռացվի լիգայից:
«Հոկեյիստները պետք է զբաղվեն սպորտով, իսկ կարգազանցները պատասխան տան օրենքի առաջ: Եթե պարզվի, որ հանդիպման մասնակիցները խուլիգանություն են արել, ապա նրանք կպատժվեն որպես հանցագործներ», - հայտարարել է Սերգեյ Կոշմանը: