Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կայծակնային շախմատի ԱԱ. Լևոն Արոնյանը գրավեց 15-րդ, Լիլիթ Մկրտչյանը՝ 20-րդ տեղը

Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

Կանանց մրցաշարում հաղթեց ռուսաստանցի Կատերինա Լագնոն, որը 17 հնարավորից վաստակեց 13 միավոր և միայնակ գրավեց առաջին տեղը: Նրանից կես միավոր ետ մնաց ուկրաինացի Աննա Մուզիչուկը: Մրցաշանակային 3-րդ տեղը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց չինացի Ժոնջի Տանը:

Հայաստանի շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ Լիլիթ Մկրտչյանը, ով 10,5 միավորով զբաղեցրեց 20-րդ տեղը: Աննա Սարգսյանը վաստակելով 9 միավոր, առաջնությունն ավարտեց 45-րդ հորիզոնականում: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 8,5 միավորով զբաղեցրեց 67-րդ տեղը: Մրցաշարը վստահ սկսած Մարիա Գևորգյանն այսօր ընդամենը մեկ միավոր վաստակեց և 21-րդ տեղից նահանջեց մինչև 92-րդ հորիզոնական: Նա վաստակեց ընդամենը 7 միավոր:

Տղամարդկանց մրցաշարում հաղթողը որոշվեց թայ-բրեյքում: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան 21 հնարավորից վաստակեցին 16,5-ական միավոր: Լրացուցիչ մրցախաղում 1,5:0,5 հաշվով հաղթեց Մագնուս Կառլսենը:  

Հայաստանի 7 շախմատիստներից բոլորից լավ արդյունք ցույց տվեց Լևոն Արոնյանը, ով 13,5 միավորով գրավեց 15-րդ տեղը: Հավաքականի նրա խաղընկեր Հրանտ Մելքումյանը առաջնությունն ավարտեց 12 միավորով, 58-րդ հորիզոնականում: Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակեցին 11-ական միավոր և զբաղեցրին համապատասխանաբար 75-րդ և 87-րդ տեղերը: Նրանցից կես միավորով ետ մնացած Զավեն Անդրիասյանն ու Արման Փաշիկյանը ի վերջո հանգրվանեցին 109-րդ և 117-րդ հորիզոնականներում: Մանուէլ Պետրոսյանը շատ վատ հանդես եկավ այսօր և ինը պարտիայում տարավ միայն մեկ հաղթանակ, իսկ 7-ում պարտություն կրեց: Արդյունքում, նա 9,5 միավորով գրավեց 131-րդ տեղը: