Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Նաղդալյան1
A A
Պաշտոնական

Ադրբեջանական կողմի թեզերը որևէ արժեք չունեն․ ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները News.am լրատվական կայքի հարցերին

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր ունեցած իր հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ որպես խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայության պատճառ նշելով Հայաստանից եկող հակասական հայտարարությունները: Գրեթե նմանաբովանդակ հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել փակուղային տարրեր պարունակող թեզերի մշտական կրկնությամբ: Գուցե այդ թեզերը որոշակի արժեք ունեն Ադրբեջանի ներքաղաքական միջավայրում՝ հաշվի առնելով այդ երկրում տեղի ունեցող վերադասավորումները և առաջիկա խորհրդարանական ընտրությունները, սակայն դրանք որևէ ձևով չեն նպաստում խաղաղ գործընթացին և ուստի որևէ արժեք չունեն: 

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Արցախում դատապարտված Դիհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին՝ նշելով, որ վերջիններիս կողմից հարազատների գերեզման այցելությունը չի կարող հանցագործություն համարվել:

Պատասխան. Ցավալի է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի մակարդակով արդարացվում է 16-ամյա Սմբատ Ցականյանի սպանությունը: Դա բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների իրական վերաբերմունքը հակամարտության գոտում բնակվող մարդկանց նկատմամբ: Կցանկանայի վերստին հիշատակել, որ Ադրբեջանի նախագահն անչափահասին սպանած մարդկանց համեմատել է Ռամիլ Սաֆարովի հետ: Կարծում ենք՝ այդ համեմատությամբ ամեն ինչ ասված է: