Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կայծակնային շախմատի ԱԱ. Հայաստանի շախմատիստները անհաջող են մեկնարկել

Մոսկվայում այսօր մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

Տղամարդկանց մրցաշարում, ինչպես և սպասվում էր, կրկին տոն տվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը առաջին օրը կայացած 12 տուրից հետո ունի 10 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող Ալեքսեյ Մատլակովը ետ է մնում կես միավորով:

Հայաստանի շախմատիստները, ավաղ, անկայուն անցկացրին առաջին 12 հանդիպումները: Լևոն Արոնյանը հաջող մեկնարկեց, սակայն 5-6-րդ տուրերում պարտություն կրեց և զիջեց դիրքերը: Հետագայում նա վստահ հանդես եկավ և 6 խաղում տարավ 4 հաղթանակ, սակայն վստակած 8 միավորով առայժմ բաժանում է 13-31-րդ տեղերը:

Գաբրիել Սարգսյանը չնայած անհաջող սկսեց առաջնությունը՝ պարտություն կրելով արդեն 2-րդ տուրում, սակայն հետո բարելավեց խաղը և 11-րդ տուրից հետո 8 միավորով զբաղեցնում էր 7-րդ տեղը: Ավաղ, 12-րդ տուրում նա զիջեց մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Յան Նեպոմնյաշչուն: Նունպիսի արդյունք ունի նաև մեր երիտասարդ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, որը տարել է 5 հաղթանակ, 6 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել մեկ պարտություն:

Մեր մյուս երեք շախմատիստները՝ Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը, ավելի շատ միավորներ են կորցրել և համարյա դուրս են մնացել մեդալների համար պայքարից:

Կանանց մրցաշարում այսօր կայացել է 9 տուր: Աղյուսակը 8 միավորով գլխավորում է ռուսաստանցի Կատերինա Լագնոն: Նրան հետապնդող 4 շախմատիստուհիներն ետ են մնում մեկ միավորով:

Հայաստանի պատվիրակներից համեմատաբար հաջող են հանդես գալիս Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը, ովքեր վաստակել են 6-ական միավոր և բաժանում են 13-22-րդ տեղերը: Աննա Սարգսյանն ունի 5,5, իսկ Էլինա Դանիելյանը՝ 4,5 միավոր:

Վաղը կկայանան առաջնության մնացած տուրերը: Կանանց առաջնությունը կավարտվի 18:00-ին, իսկ տղամարդկանցը՝ 18:30-ին: