Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Հասարակություն

Աորտալ փականներ՝ պացիենտի սեփական հյուսվածքներից․ վիրահատություններ, որոնք կատարվում են «Best life» ԲԿ-ում

«Best life» բժշկական կենտրոնում իրականացվում են այնպիսի վիրահատություններ, երբ սրտի աորտալ փականի նեղացում կամ ստենոզ ունեցող պացիենտների համար պատրաստվում եւ տեղադրվում է նրա իսկ հյուսվածքներից ստեղծված փական։

«Best life» բժշկական կենտրոնի վիրաբույժ, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ավետիս Ահարոնյանը նշում է, որ հիվանդները, ովքեր ունենում են փականի խնդիր՝ աորտալ փականի նեղացում կամ ստենոզ, կարիք են ունում փականի փոխարինման։ Տեղադրվում է արհեստական փական՝ մեխանիկական կամ կենսաբանական։

Բժիշկն ասում է՝ դրանցից յուրաքանչյուրն իր առավելություններն ու թերություններն ունի։

«Օրինակ, կենսաբանական փականը ծառայում է մոտավորապես 7-8, մինչեւ 10 տարի։ Կենսաբանական փականի բացասական կողմն այն է, որ այն ժամանակավոր է, պետք է փոխվի։ Առավելությունն էլ այն է, որ կենսաբանական փականի պարագայում հակամակարդիչ միջոցների կարիք չի լինում»,- ասում է նա։

Մեխանիկական փականները հավերժ օգտագործման համար են նախատեսված, սովորաբար դրանց օգտագործման ժամկետը 150 տարի է։

Սակայն մեխանիկական փականի պարագայում մարդ ամեն օր պետք է հակամակարդիչ միջոցներ օգտագործի, որպեսզի փականի մակերեսային թրոմբ չառաջանա։

«Դրա բացասական կողմն էլ այն է, որ հիվանդի մոտ կարող է արյունահոսություն առաջանալ, քանի որ արյան մակարդելիությունն իջած է»,- ասում է սրտի վիրաբույժը։

Մեխանիկական փականը եւս մեկ բացասական կողմ ունի՝ կարող են ինֆեկցիաներ առաջանալ կյանքի ընթացքում, քանի որ սրտի ներսում արհեստական մատերիալ է։

Իսկ ահա նման վիրահատությունները թույլ են տալիս խուսափել նման խնդիրներից։

«Հիվանդի սեփական հյուսվածքներով կամ պերիկարդով՝ սրտի արտաքին թաղանթով է նախատեսվում իրականացնել։ Հիվանդ փականի թերթիկները հանվում են, եւ դրա փոխարեն հիվանդի պերիկարդով ստեղծում է երեք թերթիկանի փական։ Այսինքն՝ արհեստական որեւէ բան չի օգտագործվում, հիվանդի հյուսվածքներն են օգտագործվում»,- պատմում է Ավետիս Ահարոնյանը։

Նմանատիպ վիրահատություններ աշխարհի ոչ բոլոր հիվանդանոցներում են անում։ Դրանք արվում են վերջին տասը տարիների ընթացքում, արդյունքները բավականին գոհացնող են։

Վիրաբույժն ասում է՝ այս պարագայում արհեստական ոչինչ չի օգտագործվում, հակամակարդիչների կարիք չկա, բակտերիալ պերիկարդիտի հավանականությունը բավական ցածր է։