Կսկսեն վաղը
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 21-30-ը Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա շախմատի Հայաստատանի տղամարդկանց 70-րդ եւ կանանց 65-րդ առաջնությունները:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանից «Ա1+»-ի թղթակիցը տեղեկացավ, որ երկու մրցաշարերին էլ կմասնակցեն 10-ական շախմատիստներ: Նրանք ընտրվել են ըստ ՀՇՖ-ի կանոնակարգի (հաշվի են առնվում նախորդ առաջնության արդյունքները, շախմատիստների անհատական գործակիցները եւ այլն):
Կանանց առաջնության մասնակիցների կազմն արդեն հայտնի է. Սիրանուշ Անդրեասյան, Աննա Հայրապետյան, Նաիրա Մովսիսյան (մասնակիցներից միակ գրոսմայստերը), Նարինե Գասպարյան, Անահիտ Խառատյան, Լիա Մարտիրոսյան, Մարիանա Գասպարյան, Վարդուհի Քալաշյան, Անի Խանամիրյան, Լուսինե Կարապետյան: Առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Ջուլիետա Նախատակյանը:
Տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը, Արթուր Չիբուխչյանը, միջազգային վարպետներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Դավիթ Քալաշյանը: Իսկ ահա գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի մասնակցությունն առայժմ հարցականի տակ է: Այն պարզ կդառնա այսօր երեկոյան: Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է ՄԿՄ Արմեն Նիկողոսյանը:
Վաղը ժամը 16:00-ին շախմատի տանը տեղի կունենա առաջնությունների բացման արարողությունը եւ մասնակիցների վիճակահանությունը: Տուրերը կանցկացվեն հունվարի 22-30-ը` առանց ընդմիջման: Դրանք կսկսեն Երեւանի ժամանակով 15:00-ին:
Ինչպես տեղեկացրեց Հրաչիկ Թավադյանը, երկու առաջնությունների համար էլ ֆեդերացիան սահմանել է ֆինանսական հիմնադրամ: Սակայն մասնակիցների համար ավելի կարեւոր խթանիչ կարող է հանդիսանալ այն, որ հանրապետության նորընծա չեմպիոնները իրավունք են ստանում Հայաստանի հավաքականների կազմում մասնակցելու այս տարի կայանալիք շախմատի օլիմպիադային: