Ուժեղները․ հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների վերելքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիան շարունակում է ընդլայնել կազմն ու պատրաստվում է նոր հաղթանակների։ ՀՀ ԶՈՒ սպա փոխգնդապետ, Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացրեց արդեն գրանցած հաջողությունները․
«Այս տարի մենք սկսեցինք Եվրոպայի առաջնությունով, մասնակցեցին երկու մարզիկներ և երկու ոսկե մեդալով վերադարձան բազկամարտ սպորտաձևով, այնուհետև մասնակցեցինք WAF-ի կողմից անցկացվող աշխարհի առաջնությանը, որը տեղի ունեցավ Ռումինիայում, և երկու մարզիկ մասնակցեցին, նույնպես երկու ոսկե մեդալ»։
Օրերս տեղի ունեցավ IFA-ի կողմից անցկացվող աշխարհի բազկամարտի առաջնությունը, որտեղ Ֆեդերացիայի անդամներից մասնակցեցին 6 մարզիկներ և մարզչական խումբ․
«Վերադարձանք 5 ոսկե, հինգ արծաթե և մեկ բրոնզե մեդալով։ Հայ համայնքը մեզ այնտեղ շատ սրտաբաց, շատ լավ ընդունեց»,-պատմում է Սարգիս Ստեփանյանը։
«Ներքուստ զգում էի, որ հաղթելու եմ»,-տպավորություններով կիսվում է ֆեդերացիայի անդամ Անահիտ Բաբաջանյանը, ով բազկամարտի առաջնությունում զբաղեցրել է առաջին տեղը։
Նաիրա Մեսրոպյանը ևս առաջին հորիզոնական զբաղեցնող մարզուհիներից է, ասում է՝ հաղթանակը ոգեշնչեց առավել մեծ թափով շարունակելու մարզումները։
Սարգիս Ստեփանյանն ասում է՝ առողջ գաղափարի շուրջ են համախմբվել, և ոչ ոք իրեն հաշմված չի զգում․
«Գլխավոր ձեռքբերումը այն է, որ մենք՝ այստեղ գտնվողներս, գիտակացում ենք, որ մեկ ընտանիքում ենք և ամեն ինչ սիրո և հարգանքի վրա է հիմնված»։
Մարզիչ Արտավազդ Նալբանդյանն էլ ասում է, որ որևէ մեկը որևէ պարապմունք բաց չէր թողնում․
«Վերջին մի երկու ամսվա ընթացքում գիտեինք՝ ովքեր են մասնակցելու, մարզիկները ցանկանում էին ավելի շատ մարզումներ անել, բայց մենք հասկանում էինք, որ լիարժեք չեն հասցնի վերականգնվել»։
«Մեր մթնոլորտը հաղթողի կերպար ձևավորող մթնոլորտ է, մենք ուժեղ ենք»,-խոսքը եզրափակում է Ստեփանյանը։