Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0571
A A
Հասարակություն

Արեգ Կյուրեղյանի նկատմամբ սանկցիա կիրառվեց. ընթանում է «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր-անդամ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա Ծռեր» խմբի տասն անդամների գործով դատական նիստը։

Խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը նշեց, որ իրենց կողմից գրավված  Պարեկապահակային գունդը մշտապես ծառայել է նախկին իշխանություններին և եղել է մարդկանց հալածանքների, մարդկանցից ճնշումներով ցուցմունք կորզելու տարածք։ Կյուրեղյանի «դատարան կոչեցյալ» արտահայտությունը դուր չեկավ նախագահող դատավորին, և վերջինս կոռեկտության կոչ արեց Կյուրեղյանին։ Չնայած Մակյանի զգուշացմանը՝ Կյուրեղյանը կրկին ասաց՝ «դատարան կոչեցյալ», նաև նշելով, որ դատարան չկա։ Մեսրոպ Մակյանը նկատողություն հայտարարեց Կյուրեղյանին։ 
 
Արեգ Կյուրեղյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, սակայն, իր հերթին նշեց, որ Կյուրեղյանը նկատի չունի կոնկրետ այս դատարանին, ինչին ի պատասխան՝ Մակյանն ասաց, որ այս դատարանն էլ է կազմում դատական համակարգի մաս։ Այնուհետև Կյուրեղյանն իր ելույթում ասաց, որ հեղափոխություն արվել էր «Մնացական Մարտիրոսյանի և Մեսրոպ Մակյանի նման դատավորներից ազատվելու համար»։ Այս ձևակերպման համար Նախագահող դատավոր Մակյանը 20 ժամով սանկցիա կիրառեց Կյուրեղյանի նկատմամբ՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցույց տալու պատճառաբանությամբ։
 
Խմբի մեկ այլ անդամ Գագիկ Եղիազարյանի նախկին ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը միջնորդություն էր ներկայացրել Եղիազարյանի գույքի վրայից կալանքը հանելու համար։ Մակյանը հարցրեց Եղիազարյանին, թե վերջինս պնդո՞ւմ է միջնորդությունը, ինչին ի պատասխան ասաց, որ թողնում է դատարանի հայեցողությանը։
 
Կյուրեղյանի փաստաբան Եգորյանն առարկեց իր պաշտպանյալի նկատմամբ սանկցիայի կիրառմանը՝ այն որակելով չափազանց խիստ, և դիմեց դատարանին վերանայել կիրառման որոշումը։
 
Խմբի անդամներ Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը դիմեց դատարանին՝ նշելով՝ Կյուրեղյանի արտահայտությունը չդիտարկել որպես վիրավորանք։ 
 
Արմեն Բիլյանն իր հերթին նշեց, որ Մակյանը հնարավորություն ունի տարբերվելու մյուս դատավորներից։ Խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը նշեց, որ դատական համակարգը, օրենսդիր և գործադիր իշխանությունները զավթված են եղել նախկին իշխանությունների կողմից։
 
Գագիկ Եղիազարյանի խոսքերով՝ դատական իշխանությունները ձևավորվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, որոնց ներկայումս մեղադրանքներ են առաջադրված։ Եղիազարյանը նույնպես կարծում է, որ Մակյանին հնարավորություն է տրվել տարբերվել մյուս դատավորներից։ 
 
Իսկ դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ Կյուրեղյանի նկատմամբ սանկցիայի վերանայման համար բավարարման հիմքեր չկան, և մեղադրյալ կողմը որևէ բավարար հիմք չի ներկայացրել դրա համար։
 
Դատավոր Մակյանն ասաց, որ այնուամենայնիվ գերադասում է արդարադատության շահը, և որոշում կայացրեց վերանայել սանկցիայի կիրառումը․ Կյուրեղյանին թույլատրվեց կրկին մասնակցել նիստին։