Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» կմեկնի Անթալիա

Սպորտ

Աշտարակի «Միկան» մրցաշրջան-2010-ին պատրաստվելու համար նախատեսել է ուսումնամարզական 4 հավաք: Դրանցից առաջինն արդեն ավարտվել է. հունվարի 7-17-ը «Միկան» հավաք է կազմակերպել բարձրլեռնային Ծաղկաձորում, որի ժամանակ թիմն ամեն օր երկուական պարապմունքներ է անցկացրել` ամբողջովին ուշադրություն դարձնելով ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությանը:

Իսկ արդեն վաղը «Միկան» Երեւան - Ստամբուլ - Բելեկ չվերթով կմեկնի Անթալիա, որտեղ կանցկացնի երկրորդ ուսումնամարզական հավաքը:

Այսօր թիմը թեթեւակի մարզում անցկացրեց սեփական մարզադաշտի հարեւանությամբ գտնվող արհեստական դաշտում: Այն անցկացնում էին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի երեք օգնականները, քանի որ նա վերջերս վիրահատվել է եւ դեռեւս լիովին չի հասցրել վերականգնել: Արմեն Ադամյանը հեռվից էր հետեւում իր սաների վարժություններին:

Գլխավոր մարզիչը «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ հարցազրույցում ասաց, որ ուսումնամարզական առաջին հավաքը լիովին ծառայեց իր նպատակին. «Կարեւորն այն է, որ տղաներից ոչ մեկը լուրջ վնասվածք չստացավ մարզումների ժամանակ»:

Խոսելով առաջիկա հավաքի մասին` նա ասաց, որ Անթալիայում ավելի շատ ուշադրություն կդարձնեն ֆուտբոլիստների տեխնիկա-տակտիկական պատրաստությանը` միաժամանակ բարձրացնելով նաեւ թիմի ֆունկցիոնալ պատրաստության մակարդակը:

Արմեն Ադամյանը գտնում է, որ «Միկայի» կազմը արդեն 90 տոկոսով համալրված է որակյալ ֆուտբոլիստներով: «Մեզ անհրաժեշտ է մեկական պաշտպան եւ հարձակվող: Մյուս գծերում կադրային խնդիրներ չունենք»,- եզրակացրեց նա:

Ինչպես տեղեկացրեց «Միկայի» մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը, Անթալիայի հավաքին կմասնակցեն 23 ֆուտբոլիստ: Ծաղկաձորյան հավաքին մասնակցած 18 խաղացողներին կմիանան նաեւ «Փյունիկից» հրավիրված Հայկ Չիլինգարյանը, բրազիլացի Էլիսոն Ժունիորը (նրանք առայժմ փորձաշրջան են անցնում թիմում), «Միկա-2»-ի ֆուտբոլիստներ Հայկ Իշխանյանը եւ Ստեփան Գեւորգյանը, ինչպես նաեւ թիմի հարձակվող Բոտի Դեմելը, որը հիվանդության պատճառով ստիպված բաց թողեց նախապատրաստության առաջին փուլը:

Անթալիայում «Միկան» նախատեսել է երեք ստուգողական հանդիպումներ: Հունվարի 24-ին մեր փոխչեմպիոնը ուժերը կչափի Ղազախստանի 2009 թ առաջնության 7-րդ թիմի` «Օրդաբասիի» հետ, 27-ին կմրցի Ուզբեկստանի անցած տարվա փոխչեմպիոն «Պախտակորի» հետ, իսկ փետրվարի 1-ին միկացիների մրցակիցը կլինի ռումինական «Ինտերնացիոնալ Կուրտեա» թիմը (երկրի առաջնության 1-ին շրջանից հետո ընթանում է 15-րդ տեղում):

«Միկան» Երեւան կվերադառնա փետրվարի 2-ին: