Բացել լրահոսը Փակել լրահոսը
999848
A A
Հասարակություն

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ մեղադրական եզրակացությունը չի հաստատվել

ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հսկողություն իրականացնող դատախազի կողմից չի հաստատվել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, որովհետև ուսումնասիրությամբ պարզվել է, որ լրացուցիչ քննություն կատարելու անհրաժեշտություն կա, և միայն այդ քննությունը կատարելու պարագայում է հնարավոր նշված անձանց, այսինքն՝ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արաքներին վերջնական քրեաիրավական գնահատական տալ»,-հայտնեց Աբրահամյանը։

Աբրահամյանը տեղեկացրեց, որ մի քանի լրացուցիչ քննություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործը հետ է կանչվել, քննությունների արդյունքներից ելնելով՝ արդեն  դատախազությունը մեղադրական եզրակացությունը հաստատելու հետ կապված վերջնական որոշում կարտահայտի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: 13.12.2019թ.-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ  Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: