Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Աջակցիր «Ա1+»-ինԱվան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշել է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատարի որոշմամբ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:
«Ապա դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները պարզելու և բավարար հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասել է նա։
Երեկ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ էր հայտնաբերվել, իսկ դեկտեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունն Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։
«Ա1+»-ը փորձեց մանրամասներ ճշտել գործի իրադարձությունների վերաբերյալ։ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը հավելյալ տեղեկատվություն չտրամադրեց, քան այսօր տարածվել էր դատախազության կողմից։ Մենք նաև կապ հաստատեցինք Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ գնդապետ Աշոտ Ահարոնյանի հետ։
Ցանկանում էինք ճշտել, թե ինչպես է ստացվել, որ Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ է հայտնաբերվել, սակայն վերջինիս հաջողվել է հատել պետական սահմանը։ Այս կապակցությամբ Ահարոնյանն ասաց․ «Գործով կատարվում է քննություն, նշանակվել է փորձաքննություն։ Այսքանն եմ կարող ասել»։