Մարզաշխարհը` Հայիթիին
Աջակցիր «Ա1+»-ինՀայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը անտարբեր չի թողել նաեւ մարզաշխարհին: Աշխարհի անվանի մարզիկ-մարզուհիները ցանկանում են տարբեր եղանակներով օգնության ձեռք մեկնել երկրաշարժից տուժածներին:
Մասնավորապես, թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկից առաջ, շվեյցարացի Ռոժե Ֆեդերերի նախաձեռնությամբ, անցկացվեց ցուցադրական հանդիպում, որին բացի աշխարհի թիվ 1 թենիսիստից մասնակցեցին նաեւ Լեյթոն Հյուիթը, Սերենա Ուիլյամսը, Սամանտա Ստուսարը («կարմիր թիմ»), Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչը, Էնդի Ռոդիկը, Կիմ Կլայստերսը («կապույտ թիմ»): Այն ավարտվեց «կարմիրների» հաղթանակով` 7:6: Հանդիպման մասնակիցները խաղից հետո 185 հազար դոլար են հանգանակել Հաիթիի օգնության հիմնադրամին: Մինչ այդ 5000-ական դոլար տրամադրել էին Օքլենդի եւ Սիդնեի միջազգային մրցաշարերի հաղթողները` համապատասխանաբար Ջոն Ինսները եւ Մարկոս Բագդատիսը: Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հիմնադրամի հասցեին փոխանցել է 10 հազար դոլար:
Հայիթիի ժողովրդին օգնություն ցույց տալու գործում անմասն չեն մնացել նաեւ ֆուտբոլիստները: Իսպանական «Բարսելոնի» ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին արձագանքելով անգլիական «Սան» թերթի կազմակերպած դրամահավաքին, 56 հազար եվրո է փոխանցել «Բժիշկները առանց սահմանի» կազմակերպությանը, որը ներկայումս իր գործունեությունը ամբողջովին կենտրոնացրել է Հայիթիում:
Իսկ ահա իսպանական «Սանդանդեր» ակումբի ղեկավարությունը որոշել առաջիկայում սեփական դաշտում անցկացվող խաղից ստացված շահույթի 25 տոկոսը տրամադրել Հայիթիի օգնության հիմնադրամին: Ակումբը նման կոչ է արել նաեւ երկրի մյուս ակումբներին: