Հայաստանի հավաքականները կմեկնեն Թուրքիա
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի միջազգային ֆեդերացիան այս տարվանից որոշակի փոփոխություններ է կատարել իր կանոնակարգում: Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մրցավարական բաժնի համակարգող Գրիգոր Դավթյանն ասաց, որ խոսքը հիմնականում վերաբերվում է 14-16 տարեկան պատանի թենիսիստների վարկանիշների հաշվարկմանը:
«Նախկինում եթե 14 տարեկան թենիսիստները մասնակցում էին 16 տարեկանների մրցումներին, ապա ստանում էին վարկանիշային միավորների միայն 25 տոկոսը: Այժմ այդ հաշվարկը պարզեցվել է, որպեսզի խրախուսվեն կրտսեր տարիքի թենիսիստները, եւ նրանք ավելի շատ ցանկություն ունենան մասնակցելու բարձր տարիքային մրցաշարերին»:
Ինչպես տեղեկացրեց Գրիգոր Դավթյանը, հայ թենիսիստներն 2010 թվականին ավելի շատ միջազգային մրցաշարերի կմասնակցեն: «Այս տարի մենք նախատեսել ենք Երեւանում անցկացնել միջազգային նոր մրցաշարեր` մեկը 18 տարեկան թենիսիստների, մյուսը կանանց մասնակցությամբ: Հայաստանի 14 տարեկանների հավաքականները (տղաներ եւ աղջիկներ) մարտի 19-28-ը կմասնակցեն Եվրոպայի թիմային առաջնությանը, որը տեղի կունենա Թուրքիայում»:
Հավելենք, որ ապրիլին մեր կանանց ընտրանին հանդես կգա ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում, իսկ մայիսին տղամարդկանց հավաքականը Հունաստանում կմասնակցի Դեւիսի գավաթի որակավորման փուլին (մեր թիմի մրցակիցները կլինեն Հունաստանի, Ալբանիայի, Անդորրայի, Վրաստանի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի, Չեռնոգորիայի և Սան Մարինոյի ընտրանիները)։ Թենիսի հանրապետական առաջնությունները կանցկացվեն հոկտեմբերին` 18-ին պատանիների, 25-ին` մեծահասակների մասնակցությամբ: