Բացել լրահոսը Փակել լրահոսը
79681568_1919482091528833_705689789889773568_o
A A
Հասարակություն

Գերմանիայից նոր ավտոբուսներ են բերվել Երևանի քաղաքային երթուղու համար

«Բաս Վոյաժ» ուղևորափոխադրումներով զբաղվող տրանսպորտային ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում նկարներ էր տեղադրել՝ «Մեր նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են. Շուտով կլինեն երթուղում» գրառմամբ։

«Ա1+»-ը փորձեց մանրամասներ ճշտել։

Մեզ հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն գլխավոր մասնագետ Սամվել Հայրապետյանն ասաց, որ տեղյակ չեն «Բաս Վոյաժ»-ի ավտոբուսներից։

««Բաս Վոյաժ»-ը մեզ չի ենթարկվում։ Այն ընդհանրապես տուրիստական երթուղիների վրա է աշխատում։ Նրանք քաղաքային մոդիֆիկացիայի ավտոբուս չունեն, իրենցը միջպետական փոխադրումների համար է»,- նշեց նա։

Զրուցեցինք նաև «Բաս Վոյաժ»-ի աշխատակից Գոհար Հովսեփյանի հետ։ «Այս պահին դեռ որոշված չէ։ Երևանի քաղաքային երթուղում է լինելու, բայց կոնկրետ որ երթուղում՝ դեռ պարզ չէ»,- ասաց Գոհար Հովսեփյանը։ Իսկ թե որտեղից են բերվել մեքենաները, Հովսեփյանը պատասխանեց՝ Գերմանիայից, սակայն դրանք օգտագործվա՞ծ են, թե՞ նոր, նա տեղյակ չէ։

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի տեղակալ  Տարոն Գևորգյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս տեղեկություններ չունի։

Նույն լուսանկարները ֆեյսբուքյան էջում տեղադրել էր նաեւ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը։ Փորձեցինք կապ հաստատել նաև նրա հետ, սակայն չհաջողվեց։

Ավտոբուսների վերաբերյալ մանրամասներ (նոր է, թե օգտագործված, քանիսն են) իմանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև «Բաս Վոյաժ» ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանի հետ, սակայն կրկին չհաջողվեց։

Նոր տեղեկություններ ունենալու դեպքում կհրապարակենք։