Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Հասարակություն

Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին

Վերաքննիչ Քրեական դատարնում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ, որն առնչվում էր Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշումը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը, որը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելուն։

Հայկ Ալումյանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանի վճիռը չի համապատասխանում ՄԻԵԴ-ի մոտեցումներին։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը Ալումյանի ներկայացրած միջնորդությանը առարկեց և նշեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հավուր պատշաճի պատճառաբանված է․

«Պաշտպանական կողմի վերլուծությունից տպավորություն է ստեղծվում, որ Սահմանադրությունն իր որոշմամբ Սահմանադրությանը հակասող է ճանաչել այն մեկնաբանությունը, որ խափանման միջոց գրավը ի զորու չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,- ասաց նա:

Վերաքննիչ բողոքի քննարկումն ավարտվեց․ դատարանը, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ։

Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00–ին: