Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակոբ Արշակյան
A A
Քաղաքականություն

Ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը կրկնապատկվելու է․ Հակոբ Արշակյան (տեսանյութ)

«Այս տարի տնտեսումների հաշվին արված վերաբաշխումից  շուրջ 1 մլրդ դրամ հավելյալ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին՝ նոր մշակումներ և նոր նախագծեր մշակելու համար»,-այս մասին այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2020-ին կրկնապատկվելու է ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը:

 «2020 թվականի բյուջեում նախատեսել ենք կապիտալ ծախսերի ընդլայնում, նշանակում է, որ համալիրի ունեցած հնարավորությունների ընդլայնում և կապիտալ ծախսերի ավելացում նույնպես նախատեսվում է»,-նշեց Հակոբ Արշակյանը։

Նախարարն ընդգծում է, որ շեշտը դնում են տեխնոլոգիական զարգացման և նոր տեխնոլոգիաների օգտագործման վրա, և այս երկու ոլորտների միացումը դրական է գնահատվում․

«Մշակվել է 3 ռազմավարություն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, թվայնացման և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ռազմավարություն։ Հունվարին մենք միջազգային գործընկերների և ասոցիացիաների հետ կազմակերպելու ենք ընդլայնված քննարկում առաջիկա 5 տարիների ռազմավարությունը հստակեցնելու համար»։

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ 2018-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ ծրագրերի ապահովման եւ սարքավորումների արտադրության համար հատկացվել է 250 մլն դոլար. աճը 2017-ի նկատմամբ կազմել է 33 տոկոս:

Այս ոլորտում զբաղվածների թիվը 2018 թվականին եղել է 15 հազար։

 «Իրականում այս ոլորտի շրջանառությունը հիմնականում գեներացվում է աշխատակիցների աշխատավարձերի տեսքով։ Քանի որ  այս ոլորտի ընկերությունները  գումարները գեներացնում են դրսում, ներս է գալիս հիմնականում աշխատավարձը։ Դա հանգեցնում է նրան, որ շրջանառության այսպիսի փոքր թվեր ունենք: Մեկ աշխատակցին բաժին ընկնող շրջանառությունը կազմում է մոտ 16,5 հազար դոլար, բայց մենք գիտենք, որ տեխնոլոգիական ոլորտում մեկ աշխատակցի կողմից գեներացրած արդյունքը տարեկան առնվազն 45-50 հազար դոլար պետք է լինի:»։

Նախարարն ընդգծում է, որ առաջիկա ռազմավարության մեջ մենք պետք է դիտարկեն այնպիսի մեխանիզմներ, որպեսզի հայկական ընկերությունները իրենց գումարներ գեներացնեն Հայաստանում։

Ըստ նախարարի՝ ուշագրավ է նաև այն, որ կանանց ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիական ոլորտում մոտ 38% է , ինչը ըստ նրա՝ լավ ցուցանիշ է։

Խոսելով պետական արտոնություն ստացած ընկերությունների մասին՝ նախարարն ասաց, որ դիմել է 230 ընկերություն և իրենց տվյալներով՝ բացել են շուրջ 1200 նոր աշխատատեղ․

«Մենք ունենք սփյուռքից դիմածների մեծ թիվ՝ շուրջ 15-20 տոկոս, այսինքն՝ մենք տաղանդի ներհոսք ունենք, որը լավ նորություն է մեզ համար։ Դիմել են հիմնականում Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Ավստրալիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Գերմանիայից, Անգլիայից»։

Նախարարն անդրադարձավ նաև «Ներուժ» ծրագրին, նշեց, որ  17 տարբեր երկրներից մասնակցում է 47 ընկերություն․

«136 մլն դրամ ենք հատկացրել միջոցառման կազմակերպմանը և հաղթողներին դրամաշնորհ տալու համար։ Այդ հաղթողները լինելու են վեց ընկերություններ, ովքեր կուզենան Հայաստանում իրենց գործունեությունը ծավալել»։

Նախարարը  տեղեկացրեց նաև, որ Գյումրու տեխնոպարկում արդեն իսկ տեղակայված են 35 ընկերություններ, այսինքն՝ Գյումրին մեր տեխնոլոգիական երկրորդ կենտրոնն է դառնում․

«Վանաձորի տեխնոպարկում ընկերությունների թիվն արդեն 20-ի է հասնում: Այստեղ 2020 թվականին ֆինանսավորումն ավելանալու է»:

Անդրադառնալով կապի ոլորտին՝ նախարարն ասաց, որ այս տարվա ձեռքբերումներից է Արցախի հետ կապի կանոնակարգումը՝ ռոմինգի սակագների իջեցում և համահարթեցում է տեղի ունեցել․

«Մասնավորապես՝ «Յուքոմի» ցանցում ելքային զանգերի դեպքում՝ 15 տոկոսի նվազում, մուտքային զանգերի դեպքում՝ 44 տոկոսի նվազում և հիմա միասնական 38 դրամ ելք և 25 դրամ մուտք րոպե սակագինն է, իսկ հուլիսին այդ թվերը շատ կիջնեն, հիմա բանակցությունների փուլ է»։

Նախարարն ասում է՝ խնդիրն այն է, որ Արցախի կառավարությունը մենաշնորհի արտոնություն է տվել մեկ օպերատորի, և 2020 թվականին վերջանում է պայմանավորվածության ժամկետը։

Արշակյանը տեղեկացրեց նաև, որ փոստային կապի ոլորտում  կային միջազգային փաթեթների մաքսային զննման ձևակերպումների գումարներ՝ 2250 դրամ, որը չեղարկվել է:

Նախարարի խոսքով՝ լուրջ զարգացումներ են սպասվում ինժեներական քաղաքի ծրագրում։