Դավիթ Խաժակյանը ավագանու եզակի պրոֆեսիոնալ անդամներից է․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոռեկտ չի համարում գնահատական տալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության որոշմանը, որով մտադիր են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության կազմից հետ կանչել խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։
Բայց նշում է՝ եթե «Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ ավագանու մյուս 2 անդամները չեն սպասարկում «Լուսավոր Հայաստան»-ի քաղաքական օրակարգը, շահը, ապա իրենք իրավասու են կայացնելու նման որոշում։
«Մենք կուզենայինք, որ առողջ մթնոլորտ լիներ Երևանի ավագանիում, որովհետև այսօր քաղաքի առջև այնպիսի լրջագույն խնդիրներ են ծառացած, և Երևանի քաղաքային մեծամասնությունը էնպես խելահեղ կատաղությամբ չի կարողանում այդ խնդիրները լուծել։ Ես շատ կուզենայի, որ 2 ընդդիմադիր խմբակցությունները կարողանային խնդիրները բարձրացնել և գոնե հնչելի դարձնել, որովհետև դրանց լուծելը մեր քիչ քվոտաներով դժվար է»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը զերծ մնաց գնահատական տալուց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի գործունեությանը։ Ինչ վերաբերում է Դավիթ Խաժակյանին, ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց․
«Դավիթ Խաժակյանին համարում եմ պրոֆեսիոնալ ավագանի, իր երիտասարդ տարիքում այդ ամբողջ ավագանու կազմում եզակի պրոֆեսիոնալ ավագանիներից մեկն է»։
Նշենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները 3-ն են։ Դավիթ Խաժակյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, իսկ Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը՝ «Հանրապետություն» կուսակցության։
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի դժգոհություններին՝ ԶԼՄ-ների լուսաբանման վերաբերյալ, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ավագանու երեկվա նիստին ամբողջությամբ ծանոթ չէ, չի կարող ասել, թե ԶԼՄ-ները որքանով են անաչառ եղել։
«Մի փոքր հատված հետևեցի, որն ինձ վրա շատ վատ, տգեղ տպավորություն թողեց, բայց ես կուզենայի, եթե մեր լրատվամիջոցները տալիս են ավագանու ելույթը, ապա տան նաև քաղաքապետի( եթե իհարկե, դրան հետևել է) իգնորը, ծիծաղը։ Այսինքն՝ ընտրովի լրատվությունը ինձ համար ընդունելի չէ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։