Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0128454
A A
Քաղաքականություն

«Նկարե՞լ եք, որ քաղաքապետը հռհռում էր ավագանու անդամի ելույթի ժամանակ»․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հետ կանչելու վերաբերյալ ասաց, որ երեկ ավագանու նիստում Դավիթ Խաժակյանը բացահայտել է քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնեական կեղծիք, բայց ըստ պարոն Մարուքյանի՝ այն ԶԼՄ-ների կողմից չի լուսաբանվել։

«Եթե հանրային ընկալումն այն է, որ ավագանու անդամը պաշտոնեական կեղծիքը պետք է ծամած դնի դատախազության բերանը, ու դա չլուսաբանվի, որովհետև այն մարդկանց հետաքրքիր չէ, ուրեմն ավելի լավ է մենք չմասնակցենք»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա՝ մեդիան ծածկում է սկանդալային թեմաները, բայց ոչ մարդկանց իրական գործունեությունը։

«Եթե քաղաքացիները չեն տեսնում այդ աշխատանքը, արդյոք անհրաժե՞շտ է, որ մենք այդտեղ լինենք»,- նկատեց պարոն Մարուքյանը և հավելեց, որ Դավիթ Խաժակյանի աշխատանքը ջուրն է լցվում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը հրաժարվեց գնահատել «Լույս» խմբակցության մյուս 2 անդամների՝ Թեհմինա Վարդանյանի և Անի Խաչատրյանի գործունեությունը՝ նշելով, որ դա իրենց գնահատելու գործը չէ, և յուրաքանչյուր կուսակցություն պատասխանատու է իր անդամի համար։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի կառավարման խորհուրդը կորոշի՝ Դավիթ Խաժակյանը կշարունակի՞ մնալ ավագանիում, թե՞ հետ կկանչվի։ Պարոն Մարուքյանը կարծում է նաև, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու անդամների ելույթների ժամանակ «ձեռք է առնում նրանց, պրովոկացիայի է ենթարկում, իսկ մարդիկ էլ տրվում են դրան»։

 «Բնականաբար պրովոկացիա անողը քաղաքապետն է, բայց կարծում եմ, որ դրան տրվողը պետք է իրեն հաշիվ տա։ Օրինակ՝ ԱԺ-ում էլ պարոն Միրզոյանը կարող է պրովոկացիայի ենթարկել ինձ, որ ես այնպիսի բան անեմ, որ իմ գործունեությունը այլևս անիմաստ լինել ԱԺ-ում, հիմա ես պե՞տք է պրովոկացիայի ենթարկվեմ։ Հետևաբար, կարևոր է նաև մեդիադաշտի գնահատականը սրան տրվի։ Օրինակ՝ երբ քաղաքապետը ծիծաղում էր ավագանու անդամի վրա, որևէ կամերա ցույց տվե՞ց այդ պահը, ոչ մի կամեռա ցույց չի տվել, մարդկանց ընկալման մեջ եղել է այն, որ ավագանու անդամը օդից ինչ-որ բան է անում։ Հարց եմ տալիս, նկարե՞լ եք, որ քաղաքապետը հռհռում էր ավագանու անդամի ելույթի ժամանակ»,- ասաց Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ այսօր թրենդ կա, որ թիրախավորվեն ավագանու անդամները, և սրբադասվեն իշխանության անդամները, ու լրատվամիջոցներն այդ թրենդի մեջ են։