A
A
Մանվել Գրիգորյանի գործով նիստը վերսկսվեց․ նա ներկա չէ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։
Նիստի ներկա էին Գրիգորյանի հարազատները, այդ թվում՝ կինը՝ Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը։
Դատավորը հայտարարեց, որ այժմ փորձ է արվում լուծել Գրիգորյանի՝ դատարան տեղափոխման հարցը բժշկական կենտրոնից։ Նիստը 30 րոպեով ընդմիջվեց։
Նիստը վերսկսվեց։ Դատավորը տեղեկացրեց, որ Գրիգորյանը չի տեղափոխվի դատարան, քանի որ վերջինիս առողջական վիճակից ելնելով` «Նաիրի» բժշկական կենտրոնը նպատակահարմար չի համար նրա ներկայությունը։
Մարտիրոսյանն ասաց նաև, որ Գրիգորյանի փաստաբանները ԵԿՄ նախկին նախագահին կալանքից ազատելու միջնորդագիր էին ներկայացրել։
ԵԿՄ նախկին նախագահի փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը մի քանի միավոր գույք ներկայացրեց գրավադրման համար, որոնք ընդհանուր առմամբ արժեին մոտ 3 միլիարդ դրամ և արգելանք տակ չէին՝ Գրիգորյանի կալանքը վերացնելու դիմաց։
Նա ասաց, որ եթե Գրիգորյանն իրեն պատշաճ չպահի, ապա պետությունը կարող է բռնագանձել գրավադրվելիք գույքը։
Բացի սա, խմբի մյուս անդամ Արսեն Մկրտչյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ քննարկել նաև պետությունից ստորագրությամբ չհեռանալու մասին միջնորդությունը։
«Մանվել Գրիգորյանին անազատության մեջ պահելը խախտում է արդար դատաքննության իրավունքը, Սահմանադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան», - նշեց փաստաբանը։ Մկրտչյանն ասաց, որ ըստ եվրոպական դատարանի նախադեպային որոշումների՝ էական է այն հանգամանքը, թե պահպանվո՞ւմ է քննությանը խոչընդոտելու հնարավորությունը, և արդյոք չի՞ նվազել խոչընդոտելու վտանգը։
Փաստաբանն ընդգծեց, որ Գրիգորյանի գործով քննությունն ավարտվել է, և քննությանը խոչընդոտելու պատճառաբանություն չի կարող լինել. «Առկա են բոլոր հիմքերը մեր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու համար»,- ասաց նա։
Դատախազ Վահե Դոլմազյանը միջնորդությունների վերաբերյալ նշեց, որ հաշվի առնելով ծավալը՝ դիրքորոշում կհայտնի դատական հաջորդ նիստին։
Ըստ «Դատալեքս» իրավական տեղակատվական համակարգի՝ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նույն մեղադրանքն է առաջադրված նաև Նազիկ Ամիրյանին։ Սկզբում երկուսի գործը քննվում էր միասին, սակայն հետո դատարանը որոշեց անջատել միմյանցից գործով նիստերի՝ ԵԿՄ նախկին նախագահի առողջական խնդիրներով պայմանավորված ձգձգումներով։
Տեսանյութը՝ Factor.am-ի