Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց սեփական սաների

Սպորտ

Երեւանի «Փյունիկը» 2010 թ ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությանը կմասնակցի այն ֆուտբոլիստներով, որոնք ընդհանրապես պայմանագիր չունեն ակումբի հետ եւ առաջին անգամ են կրելու թիմի մարզազգեստը:

Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ակումբի ղեկավարությունը (նախագահ Սամվել Ալեքսանյան) որոշեց մրցաշարին չընդգրկել նույնիսկ «Փյունիկ-2»-ի ֆուտբոլիստներին, չնայած մի քանի օր առաջ խոսակցություն կար, որ թիմի կազմում հնարավոր է ընդգրկվեն 4-5 պատանի խաղացողներ:

Այսօր «Փյունիկի» գործադիր տնօրենն ու սպասարկող անձնակազմը մեկնեցին Մոսկվա, որտեղ կմիանան այն 18 արտասահմանցի ֆուտբոլիստներին, որոնք թիմի երկու մարզիչների գլխավորությամբ հունվարի 6-ից մարզումներ են անցկացնում Ռուսաստանի մայրաքաղաքում:

Հիշեցնենք, որ ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի հերթական խաղարկությունը կմեկնարկի հունվարի 16-ին: Այդ օրը մեր թիմը կհանդիպի Պանեւեժիսի «Էկրանասի» հետ: Ի դեպ, Լիտվայի 2009 թ չեմպիոնը սույն մրցաշարում չնայած մեջ հաջողությունների չի հասել, սակայն նախկինում անցկացրած 8 հանդիպումներում դեռեւս պարտություն չի կրել. 5 հաղթանակ եւ 3 ոչ-ոքի (լատվիացիները երկու անգամ էլ դուրս են մնացել 1/4 եզրափակիչից, 11 մ հարվածաշարով):

Հունվարի 17-ին «Փյունիկի» մրցակիցը կլինի Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենտի «Բունյոտկորը», որը երկրի ամենահարուստ ակումբն է: Վերջինիս այժմ մարզում է հանրահայտ բրազիլացի մասնագետ Լուիս Ֆելիպե Սկոլարին, իսկ թիմում հանդես է գալիս 2002 թ աշխարհի չեմպիոն, բրազիլացի Ռիվալդոն: Սակայն «Բունյոտկորը» մոսկովյան մրցաշարին ներկայացել է փոխարինողների կազմով:

Երրորդ խաղը «Փյունիկը» կանցկացնի հունվարի 19-ին, Մոլդովայի փոխչեմպիոն «Դաչիայի» հետ: Մոլդովացիները Մոսկվա են ժամանել հիմնական, բացի այդ թարմացված կազմով, սակայն թիմի մարզիչներն արդեն որոշել են «Փյունիկի» հետ խաղին հանդես գալ 2-րդ կազմով:

Հավելենք, որ բոլոր հանդիպումներն էլ սկսվելու են Երեւանի ժամանակով 18:00-ին: