Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածություն. Համաժողով. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

2019թ. Գերմանիայի կառավարման և տեխնոլոգիայի միջազգային ակադեմիա (INTAMT) հասարակական կազմակերպությունը սկսեց նոր՝ DISEMEX + East ծրագիրը, որի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ներառումը: Ծրագիրը համաֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ԵՄ Արևելյան գործընկերության երկրների և Ռուսաստանի քաղաքացիական հասարակության  հետ համագործակցության ընդլայնման ծրագրի շրջանակներում և հանդիսանում է եվրոպական DISEMEX ծրագրի ընդլայնում, որն իրականացվում է INTAMT Ակադեմիայի կողմից 2018 թվականի սեպտեմբերից: Երկու ծրագրերի նպատակը աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ոլորտում առաջադեմ փորձի օրինակների հավաքագրումը և դասակարգումն է:  Ներառման ոլորտում նորարարական լուծումների փոխանակումը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ներուժի զարգացմանը և նրանց ներգրավվմանը հասարակական կյանքում:

Ծրագրի անվան մեջ ՛՛East՛՛ բաղադրիչի լրացուցիչ նշումը ենթադրում է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների, ինչպես նաև Ռուսաստանի մասնակցությունը և ընդգրկում է թվով 9 կազմակերպություն 6 երկրից (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Ռուսաստան):

«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածություն» համաժողով

DISEMEX + East ծրագրի շրջանակներում գործընկեր երկրներում կազմակերպվում և անցկացվում են համաժողովներ Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում: Նշյալ երկրներում անցկացվող համաժողովների ընթացքում  Գերմանիայից ժամանած բանախոսները ներկայացնում են  հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և զբաղվածության ոլորտում ներառականության ապահովման, աշխատաշուկայի ներառականության ապահովման, փոքր և միջին բիզնեսը ներառական աշխատաշուկա ընդգրկելու եվրոպական փորձը:

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն հանդիսանում է DISEMEX + East ծրագրի հայաստանյան գործընկերը: Կազմակերպության հիմնադիր նախագահ Կարինե Գրիգորյանը, ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը և Գյումրու տարածքային զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը 2019թ. սեպտեմբերին մասնակցեցին Դյուսելդորֆում կայացած համաժողովին և այժմ «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածություն» համաժողովը տեղի է ունենում Հայաստանում՝ Երևանում:     

«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածություն» համաժողովը տեղի ունեցավ Գերմանիայի կառավարման և տեխնոլոգիայի միջազգային ակադեմիա (INTAMT) հասարակական կազմակերպության DISEMEX + East ծրագրի շրջանակներում, որի հայաստանյան գործընկերը «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունն է: