Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կոշ համայնք
A A
Պաշտոնական

Կոշ համայնքում արձանագրված խախտման դեպքով Տեսչական մարմինը դիմել է դատախազություն

ԿՈՇ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՎ  ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԴԻՄԵԼ Է ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով 2019 թվականին՝ ՀՀ մի շարք համայնքներում, ըստ անհրաժեշտության, ստուգումներ իրականացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից համաձայնեցված գրաֆիկը՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության աշխատակիցները 2019թ․ նոյեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, ստուգումներ  են իրականացրել Արագածոտնի մարզի Կոշ համայնքում։

 Համայնքում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ սխալ է կազմված համայնքի հողային հաշվեկշիռը, որն էլ հետագայում կազմում է մարզի և այնուհետև հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը:

Բազմաթիվ խախտումներից բացի, ստուգող խումբը հայտնաբերել և արձանագրել է, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող հողամասի վրա՝ ՀՀ կառավարության որոշմամբ 0,51հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխվել է՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գյուղարտադրական օբյեկտի՝ գյուղատնտեսական մթերքների մթերման և վերամշակման արտադրամասի կառուցման համար, որոնք պետական գրանցում են ստացել 0,383հա  և 0,127հա մակերեսներով։ Սակայն շինությունները կառուցվել են նպատակային նշանակության փոփոխված հողամասի չափից զգալի մեծ, կառուցվել է նաև պարիսպ և ջրավազան։ Այսպիսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը՝ առանց որևէ օրինական հիմքերի և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ փոփոխվել է։

Պարզվել է նաև, որ առկա է «ՄԱՐՏԻԿՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊ, «ՔԱՐՀԱՆՔ» ՍՊ և «ԵՐՀԱԿ» ՍՊ ընկերությունների անվանումներով իրավունքի պետական գրանցում ստացած՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրված լեռնահատկացման ակտով նախատեսված հողամասերի մակերեսների և տրամադրման ժամկետների զգալի տարբերություններ: Բացի այդ, սույն ընկերությունների կողմից խախտվել են նաև վարձակալության տրամադրման ժամկետները և տրամադրման չափերը:

Փաստացի տեղազննությունից պարզվել է, որ «ՔԱՐՀԱՆՔ» և «ՄԱՐՏԻԿՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊ ընկերությունների կողմից՝ բացի օրինական գրանցված հողամասերից, ընդերքօգտագործման նպատակով օգտագործվում են նաև այլ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասեր։

Արդյունքում վերոհիշյալ կետերում խախտվել են ՀՀ մի շարք օրենքների և կառավարության որոշումների պահանջներ, որի հետևանքով համայնքի բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում զգալի չափով գումարներ:

Կոշ համայնքում արձանագրված խախտումների բնույթով  և հնարավոր չարաշահման փաստով պայմանավորված՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ դեպքին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ