«Ուլիսը» փոխում է կազմը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ուլիս» ֆուտբոլային թիմը, որը 2009 թվականին առաջին անգամ դարձավ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր եւ կմասնակցի Եվրոպայի լիգայի մրցաշարին, այսօրվանից անցել է օրական երկուական մարզումների գրաֆիկին (մինչև այդ Սևադա Արզումանյանի սաները օրական մեկ անգամ էին պարապում):
Ինչպես տեղեկացանք ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանից, «Ուլիսը» բացօթյա մարզումներն անցկացնում է Մասիսի մարզադաշտում, իսկ ֆիզպատրաստության պարապմունքները` «Սպարտակ» եւ «Կիլիկիա» մարզադահլիճներում:
Հունվարի 25-ին «Ուլիսը» կմեկնի Իջեւան, որտեղ կանցկացնի առաջին ուսումնամարզական հավաքը: Մինչ այդ թիմի մարզիչները նախատեսել են անցկացնել երկու ստուգողական հանդիպում, հունվարի 18-ին «Բանանց-2»-ի, իսկ 24-ին` «Բանանցի» հետ: Երկրորդ ուսումնամարզական հավաքը նախատեսված է անցկացնել փետրվարի վերջին, Վրաստանում:
Հարկ է նշել, որ հանրապետության բրոնզե մեդալակրի կազմը մրցաշրջան-2009-ի համեմատ լուրջ փոփոխություններ է կրել: «Ուլիսից» առաջինը հեռացավ թիմի ավագ Հրայր Մկոյանը, որը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը: Նա այս տարվանից հանդես կգա «Միկայում»: Ավագի օրինակին հետեւեցին թիմի լավագույն ռմբարկու Արթուր Քոչարյանը (նա միաժամանակ դարձել է 2009 թ առաջնության լավագույն ռմբարկու), Հայաստանի հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը (ներկայումս հանդես է գալիս Իրանում), կիսապաշտպան Կարեն Մուրադյանը, հարձակվող Ալեքսանդր Պետրոսյանը (վերջին երկուսը մեկնել են Բելառուս` փորձաշրջանի):
Միաժամանակ «Ուլիսն» արդեն մի քանի նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել: Դրանք են նախկին փյունիկցիներ Նորայր Սահակյանն ու Արտակ Անդրիկյանը, Ռաֆայել Մկրտչյանը (տեղափոխվել է «Կիլիկիայից»), Վալերի Ալեքսանյանը («Գանձասար») եւ Գեորգի Կրասովսկին («Արարատ»): Թիմի կազմում է մարզվում նաև արարատցի Արտակ Գրիգորյանը, սակայն նրա տեղափոխման հարցը դեռեւս վերջնականապես լուծված չէ: Գագիկ Գալստյանը հավելեց, որ թիմը վերջնականապես համալրելու համար իրենք այժմ դարպասապահ եւ հարձակվող են փնտրում: