Առաջիկայում ժողով կհրավիրեն
Աջակցիր «Ա1+»-ին«Ավելին էինք սպասում մեր շախմատիստներից»,- ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:
Հայտնի գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը «Ա1+»-ի թղթակցի խնդրանքով գնահատեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի ելույթները վերջերս թուրքական Բուրսայում ավարտված աշխարհի թիմային առաջնությունում:
«Դժվար է միանշանակ գնահատական տալ մեր թիմի ելույթներին: Մենք, ինքնին, ավելին էինք սպասում մեր թիմից, քանի որ մեր շախմատիստները մեծ ներուժ ունեն եւ բավական փորձառու են: Ցավոք, մեր հարվածային ուժը կազմող երեք գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը (մյուս երկուսն են Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը) վատառողջ մեկնեց Բուրսա եւ այդպես էլ չկարողացավ լիարժեք վերականգնվել ու լավ հանդես գալ,-ասաց նա,- Ավաղ, որոշ խաղերում նրան փոխարինած Փաշիկյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանն չկարողացան լիարժեք լրացնել այդ բացը: Լեւոն Արոնյանը լավ հանդես եկավ, Վլադիմի Հակոբյանն վատ արդյունք ցույց չտվեց: Այնուամենայնիվ, մենք բավարարված չենք թիմի գրաված տեղից: Առաջիկայում ժողով կհրավիրենք եւ կաշխատենք պարզել մեր շախմատիստների անհաջող ելույթների պատճառները»:
Մեր այն հարցին, թե ինչով կարելի է բացատրել Հունաստանի ոչ այնքան ուժեղ հավաքականից կրած պարտությունը (1:3), Սմբատ Լպուտյանը պատասխանեց. «Թիմային մրցաշարերի ժամանակ ամեն ինչ էլ հնարավոր է, եւ ստեպ-ստեպ գրանցվում են անակնկալ արդյունքներ: Օրինակ, այս առաջնությունում Թուրքիայի թույլ հավաքականը հաղթեց Իսրայելի ուժեղ թիմին: Ինչ վերաբերում է Հայաստան - Հունաստան մրցամարտին, ապա պետք է նշեմ, որ հույն գրոսմայստերները թեեւ բարձր կարգ չունեն, բայց բոլորն էլ նորմալ շախմատիստներ են, ուստի այնքան էլ հեշտ չէ նրանց հաղթելը: Անշուշտ, այս հանդիպումը մեր թիմի ամենավատագույն խաղն էր առաջնությունում»: