Բացել լրահոսը Փակել լրահոսը
175967
A A
Հասարակություն

Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը․ Armtimes.com

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը մերժվել է, գրում է Armtimes.com-ը։

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Խաչատրյանի փոխանցմամբ՝ պաշտպանի բողոքի հիմքում դրված էր ՀՀ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից. «ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը դեռեւս 2018 թ. նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0743/06/18 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ «եթե Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների անցմամբ, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ նախագահի կարգավիճակի հետ և պետք է գնահատվեն որպես նախագահի կարգավիճակի հետ չկապված»,- նշեց Խաչատրյանը:

Տվյալ դեպքում, ըստ նրա, քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում դատախազը հանգել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նրան մեղսագրված են այնպիսի գործողություններ, որոնք չեն բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ս. Սարգսյանին վերապահված լիազորություններից. «Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նրան մեղսագրված գործողություններն անգամ ձևական առումով որևէ աղերս չունեն ՀՀ նախագահի կարգավիճակի հետ, ուստի բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը»,- տեղեկացրեց Արեւիկ Խաչատրյանը:

Թեեւ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն այս թեմայով մի քանի լրատվամիջոցների արդեն հարցազրույց է տվել, բայց մեր զանգերին այդպես էլ չի պատասխանում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում