Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մերուժան Հովհաննիսյան
A A
Հասարակություն

Դա պետական գործչի դեմ էր, ոչ թե մտավորականի․ հրապարակախոսը՝ Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին (տեսանյութ)

Դեկտեմբերի 2-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը կարմիր ներկով ներկել էր ռուս գրող, մտավորական, Ռուսական կայսրության դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանն ՝ ի պատասխան ՌԴ Արմավիր քաղաքում ռազմա-քաղաքական  գործիչ, փիլիսոփա Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկման։ 

Գրող, հրապարակախոս, Խորհրդային շրջանի այլախոհ, քաղբանտարկյալ Մերուժան Հովհաննիսյանը միջադեպի կապակցությամբ նշեց, որ իր համար բոլորովին այլ բան է զարմանալի։

Հրապարակախոսն այս կոնտեքստում անդրադարձավ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը։ 

«Այդ բացահայտ սպանության շուրջը ոչինչ չխոսվեց։ Ծիծաղելին այն է, որ ռուս-թուրքական հարաբերություններն ավելի սերտացան, քան որ կային։ Զարմանքը նա է, որ այսօր Հայաստանում աղմուկ է բարձրանում կատարվածի շուրջը։ Ես ասեմ ավելին․ ցանկալի չէ, որ որևէ բան կատարվում է, որը կարող է բախման առիթ լինի մեր և Ռուսաստանի միջև»,- նշեց Հովհաննիսյանը։ Սակայն, ըստ հրապարակախոսի, Գրիբոյեդովը  1829 թվականի հունվարի 30-ին սպանվել է ոչ թե հայերին պաշտպանելու համար, այլ պարզապես դեսպան է եղել, և սպանվել է։ 

Հովհաննիսյանը, զուգահեռներ տանելով, նշեց, որ Պուտինը երբեք չկարողացավ պաշտպանել Թուրքիայում ՌԴ դեսպանին, և նույնիսկ հարաբերություն սկսեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Շահեն Հարությունյանի արարքը, գրողի խոսքերով, ոչ թե վրեժխնդրություն էր, այլ պարզապես  պատասխան էր, դրա համար ներկը կարմիր էր, արյունոտ էր, այսինքն՝ Ռուսաստանի խորհրդանիշն է, արյունոտ խորհրդանիշն է․ «Սա պետական գործչի դեմ էր, ոչ թե մտավորականի»։   

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում վերջինս ասել էր, թե Նիկոլ Փաշինյանի այն լոզունգը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, Հովհաննիսյանն ասաց, որ ամենից շատ դատարկաբանում է Քոչարյանը։

«Ինչ վերաբերում է հայոց վարչապետին՝ նա պարզ և հստակ ուզում էր ասել՝ «Խաղաղության միջոցով հարթենք այս կոնֆլիկտը»։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե բոլորին պետք է բավարարի, սա բարեկամության ձեռք մեկնել էր մի մարդու, ով թշնամաբար է տրամադրված, բայց անպայման պետք է հեզության ձայնը լսի։ Եվ եթե չլսի, մենք անվերջ զոհեր պետք է ունենանք։ Ի՞նչ եք ասում, չխաղաղվե՞նք»,- հարցադրում արեց Հովհաննիսյանը։

Իսկ Արցախի շուրջ բանակցություններին «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հնարավոր մասնակցությունը, գրողի կարծիքով, վտանգավոր կլինի հայերիս համար։  «Վերնատուն» ակումբի մասով հրապարակախոսն ասաց, որ այնտեղ անհասկանալի իրավիճակներ են, և նրա գոյությունն անհեռանկար է լինելու։ 

Սահմանադրական դատարանի դատավորներին/անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրինագծին անդրադառնալով՝ Մերուժան Հովհաննիսյանն ասաց, որ դա քաղաքական բանալի է դատավորներից ազատվելու համար․ «Եթե նրանք մնան, կկատարեն նախկին իշխանությունների պատվերները, միշտ կհակադրվեն այսօրվա իշխանությանը»։ 

Դիտարկմանը, թե արդյոք եթե նրանք գնան վաղ կենսաթոշակի և իրենց փոխարեն նշանակվեն, ընտրվեն այնպիսի դատավորներ, որոնք կկատարեն այս իշխանությունների կամքը, նշեց․ «Ինչպես վերջին ընտրություններն արդար եղան, մարդկային և ճշմարտացիորեն հաղթանակի բերեցին մեզ, այդպես էլ կլինեն դատավորների ընտրությունները։ Համոզված եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։