Բացել լրահոսը Փակել լրահոսը
78781659_444978786417610_4939332005239193600_n
A A
Հասարակություն

Գորան Բրեգովիչի հոնորարը 65 հազար եվրո է․ փոխքաղաքապետ (տեսանյութ)

Ամանորյա տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը իրականացնելու է մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ դեկորային ժամանակակից լուծումներով հագեցած, վստահեցնում է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Այս տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ կհղի ուղիղ եթերում՝ Հանրապետության հրապարակից,  որից հետո կսկսվի  երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգային ծրագիրը։

Դեկտեմբերի 21-ից Երեւանի 2750-ամյակի այգում կազմակերպվելու է ամանորյա և Սուրբ ծննդյան տոներին նվիրված տոնավաճառ, որը կգործի ամեն օր, իսկ գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 20․00-ին, կլինի հրավառություն։

Տիգրան Վիրաբյանը հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների համար նախատեսել էր 2019 բյուջեով 54 մլն դրամ հատկացնել, սակայն Կառավարության կողմից եղել է առաջարկ ՝ կատարել ծավալների փոփոխություն, միջոցառումը դարձնել համապետական։

«Երևանի քաղաքապետարանը վերջին երկու տարիներին որևէ կերպ չի ավելացրել բյուջեով նախատեսված իր ամանորյա ծախսերը։ 2017 թվականին Երևան քաղաքի ծախսերի բյուջեն կենտրանական և վարչական շրջանների միջոցառումների համար կազմել է 199մլն 46հազար դրամ, 2018թ-ին՝ 167մլն 860հազար, իսկ 2019-ին՝ 158մլն 512հազար դրամ, սա նշանակում է, որ վերջին երկու տարիներին ծախսային մասով ունենք 40 մլն ծախսերի նվազում»։

Տիգրան Վիրաբյանը, անդրադառնալով այն քննադատություններին, որ այդ գումարը կարելի էր ծախսել Գյումրի քաղաքի համար «աղետի գոտի» հասկացությունը վերացնելու վրա, ասաց․

«Ես հասկանում եմ, որ Գյումրիի մասին խոսելը շատ թրենդային է, և բոլոր սկսել են անհանգստանալ Գյումրիի համար։ Ես 2016 թվականին երբ իրականացնում էի Գյումրի բարեգործական ծրագիրը, և գյումրեցի 33 անօթևանի համար փորձում էինք գտնել միջոցներ, որպեսզի այդ անմարդկային պայմաններից հանեինք, այսօրվա այս թեմայի շուրջ խոսացողներից ոչ մեկն  չեմ հիշում։ Գյումրին այնպիսի քաղաք է, որ չի կարելի սիրել պարբերաբար, չի կարելի սիրել քաղաքական վերադասավորումների արդյունքում և չի կարելի Գյումրիի վրա դիվիդենտներ հավաքել։ Ձեր նշած մարդկանցից շատերին չեմ տեսել, նրանց համարները անհասանելի են եղել։ Ի դեպ՝ մարդկանց մեծ մասը կարող էին օգտակար լինել Գյումրիին։ Ներկայիս քաղաքապետը Գյումրիում էր և առաջին նվիրատուներից մեկն էր։ Ինքս գյումրեցի եմ։ Գյումրին իմ համար առանաձնահատուկ տեղ ունի»։

Տիգրան Վիրաբյանը, անդրադառնալով միջոցառման անցկացման համար ընտրված կազմակերպություններին, վստահեցրեց, որ  քաղաքապետարանում ընտրյալներ չկան, և բոլորը հավասար են իրենց համար։ Իսկ դիտարկմանը, որ կազմակերպիչ ընկերության սեփականատերը իր ընկերն է նա չժխտեց, ասաց, որ բոլոր ընկերություների ղեկավարների հետ շփում ունի։

Երաժիշտ Գորան Բրեգովիչի հոնորարի հետ կապված ծախսերին անդրադառնալով՝ նշեց, որ այն կազմում է 65 հազար եվրո, որը միայն խմբի մատուցվող ծառայության արժեքն է, իսկ մնացած ծախսերի մասին տեղեկություներ չտրամադրեց։