Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Հասարակություն

Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց գործով որոշումը կբողոքարկվի

Դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքի Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հրապարակվել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ քրեական գործը հարուցելը մերժելու մասին քննիչ Լևոն Եղոյանի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը։

Քանի որ բողոքը մերժվել  էր Առաջին ատյանի դատարանում՝ իրավապաշտպան կազմակերպությունը վերաքննության կարգով բողոքարկել էր այն։ Վերաքննիչ դատարանը նույնպես բողոքի մերժման մասին որոշում էր ընդունել։ «Ա1+»-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի փաստաբան Սամսոն Գալստյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել։ 

Բողոքի մերժման պատճառների մասով Գալստյանն ասաց․ «Մանրամասներից տեղյակ չեմ։ Բայց ամենայն հավանականությամբ դատարանը գտել է, որ դատախազի դիրքորոշումն է իրավաչափ, այսինքն՝ որ գործը պետք է քննվեր քաղաքացիական, ոչ թե քրեական իրավահարաբերության շրջանակներում»։ 

Հիշեցնենք, որ հանցագործության մասին հաղորդման պատճառը եղել էր տեղեկությունը, ըստ որի` զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդային վճարումները 2005 թվականից սկսած առնվազն 40 տոկոսով պակաս են փոխանցվել։