Ընդամենը 8 հատիսցի
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմն այսօր Օրենբուրգում կանցկացնի Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումը` տեղի «Նադեժդա» թիմի հետ:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ թիմերի միջեւ կայացած առաջին հանդիպումն ավարտվել է օրենբուրգցի բասկետբոլիստուհիների հաղթանակով` 80:69: Դա նշանակում է, որ հաջորդ փուլ մտնելու համար «Հատիս» մրցակցին պետք է հաղթի նվազագույնը 12 միավորի տարբերությամբ:
Ցավոք, մեր թիմը պատասխան խաղից առաջ կադրային լուրջ խնդիրների առջեւ է հայտնվել: «Հատիսը» Օրենբուրգ է մեկնել ընդամենը 8 բասկետբոլիստուհիներով. Բոյանա Վուլիչ, Աննա Պոկոյովա, Աննա Զարիցկա, Միլիցա Դաբովիչ, Ամանդա Ջեքսոն, Ադեոլա Օլանրեւայու, Աննա Բաղդոյան, Տաթեւիկ Ալեքսանյան։
Այս մասին «Ա1+» -ի թղթակցին հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից։ Պատճառներից մեկն այն է, որ Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային փուլի ավարտից հետո «Հատիսից» տարբեր պատճառներով հեռացան 5 բասկետբոլիստուհիներ` Իվա Սերդարը, Ջուլիանա Վիանին, Նատիա Աբուլաձեն, Նատիա Փութկարաձեն եւ Մաուրիտա Ռեյդը:
Վերջինը, միանշանակ, «Հատիսի» կազմում լավագույնն էր խմբային փուլում (նա մեկ խաղում միջինը խաղադաշտում անցկացրել էր 35,8 րոպե, վաստակել 19,3 միավոր, կատարել 4,8 փոխանցում):
Մեր թիմը մրցավայր է մեկնել հունվարի 13-ին, Երեւան-Մոսկվա-Օրենբուրգ չվերթով:
Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 18:00-ին: Նշենք, որ բուքմեյքերական գրասենյակները «Նադեժդա» - «Հատիս» խաղի բացահայտ ֆավորիտ են համարում դաշտի տերերին` 1.05 գործակից: «Հատիսի» հաղթանակի գործակիցը հավասար է 7.50: