Բացել լրահոսը Փակել լրահոսը
19241_Yntrutyun_M
A A
Պաշտոնական

Դիտորդական առաքելությունը՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին

2019 թ. Դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության 16 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական և արտահերթ ընտրություններ: Տասներկու համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի, իսկ 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:

«Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն է իրականացվել հետևյալ 8 համայնքներում, որոնցից 5-ում ընթացել են համայնքի ղեկավարի, իսկ 3-ում` ավագանու անդամի ընտրություններ.

Մարզ

Համայնք

Ընտրություններ

Արագածոտն

Կոշ

Համայնքի ղեկավարի

Արարատ

Նորաշեն

Համայնքի ավագանու

Տափերական

Համայնքի ղեկավարի

Արմավիր

Ալաշկերտ

Համայնքի ղեկավարի

Նորապատ

Համայնքի ղեկավարի

Գեղարքունիք

Դդմաշեն

Համայնքի ավագանու

Զովաբեր

Համայնքի ղեկավարի

Շիրակ

Անուշավան

Համայնքի ավագանու

 

«Ականատեսը» ներգրավել է 5 երկարաժամկետ դիտորդ՝ նախընտրական ժամանակահատվածի, և 21 դիտորդ՝ քվեարկության օրվա գործընթացների դիտարկման նպատակներով: 

Նախընտրական ժամանակահատվածում դիտորդներն ուսումնասիրել են ընտրությունների վարչարարությունը, գործողությունների համապատասխանությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից սահմանված ժամանակացույցին, թեկնածուների և նրանց շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը և ընդհանուր մթնոլորտը: Դիտորդները տեղերում աշխատել են ընտրական հանձնաժողովների, թեկնածուների հետ: Տվյալների հավաքագրումը կատարվել է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, պաշտոնական հարցումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Անուղղակիորեն ստացված տեղեկությունների ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով՝ դրանք ստուգվել են մի քանի անկախ աղբյուրների միջոցով:

Նախընտրական շրջանի դիտարկման ընթացքում դիտորդներն իրականացրել են՝

  • 17 նիստի դիտարկում թիվ 12, 13, 15, 16, 18, 20 և 33 տարածքային ընտրական հանձնաժողովներում,
  • 7 նիստի դիտարկում թվով 7 տեղամասային ընտրական հանձնաժողովներում,
  • 5 հանդիպում 5 համայնքների ՏԻՄ ներկայացուցիչների հետ,
  • 26 հանդիպում 7 համայնքի ղեկավարի և 19 ավագանու անդամի թեկնածուների հետ, 
  • 34 հանդիպում 8 համայնքների բնակիչների հետ,
  • 3 համայնքի ղեկավարի թվով նախընտրական միջոցառումների դիտարկում։

Քվեարկության օրն «Ականատեսը» դիտորդություն է իրականացրել վերոնշյալ 8 համայնքի 11 տեղամասում։ 

Դիտարկման արդյունքներ

Ստորև ներկայացվում են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրն իրականացված դիտարկման արդյունքները:

Ընտրական հանձնաժողովների աշխատանք

Տարածքային ընտրական հանձնաժողովներ

Տարածքային ընտրական հանձնաժողովները հիմնականում գործել են համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների և ընթացակարգերի: 

Դիտարկված 7 ընտրատարածքային հանձնաժողովներում գրանցվել է 53 թեկնածու, որից 19-ը՝ համայնքի ղեկավարի, իսկ 34-ը՝ համայնքի ավագանու անդամի թեկնածու։ Դիտորդության ընթացքում ինքնաբացարկ է ներկայացրել ավագանու անդամի 1 և համայնքի ղեկավարի՝ 3 թեկնածու, որից 1-ը, սակայն, հետ է վերցրել ինքնաբացարկի փաստաթղթերը։ Այս համատեքստում հարկ է առանձնացնել Արմավիրի մարզի Ալաշկերտ և Նորապատ համայնքները, որտեղ առաջադրված 2 թեկնածուները ինքնաբացարկի դիմում են ներկայացրել` գործող համայնքի ղեկավարին ընտրապայքարում թողնելով առանց մրցակցի։ Հաշվի առնելով, որ նման իրավիճակ է արձանագրվել նաև 4 այլ (առաքելության կողմից չդիտարկվող) համայնքներում՝ կարելի է պնդել, որ փոքր համայնքներում դեռևս շարունակում է գերակայել ոչ մրցակցային ընտրությունների մշակույթը։  

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի բոլոր թեկնածուների հայտարարագրերը սահմանված ժամկետներում (վերջնաժամկետը` 2019 թ․ նոյեմբերի 18-ը հերթական և նոյեմբերի 24-ը արտահերթ ընտրությունների դեպքում) ներկայացվել են տարածքային ընտրական հանձնաժողովներ՝ վերջիններիս կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն փոխանցելու համար։ 

Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքի դիտարկման գործընթացում դիտորդի իրավունքների խոչընդոտման դեպքեր չեն եղել: Չեն արձանագրվել նաև դիմում-բողոքների ներկայացման դեպքեր: 

Հարկ է նկատել, որ տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների դիտարկումը նախկինի նման եղել է խնդրահարույց՝ պայմանավորված հանձնաժողովներում ինտերնետային կապի հնարավորությունների բացակայությամբ, ինչի պատճառով դիտորդները ստիպված են եղել ֆիզիկապես ներկա լինել հանձնաժողովի նիստերին:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներ

Քվեարկությանը նախորդող օրը դիտորդները հետևել են տարածքային ընտրական հանձնաժողովներում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին ընտրական նյութերի և պարագաների հանձնման գործընթացին, որն անցել է սահուն և առանց խախտումների։ Նույն օրը, ընտրական պարագաների և նյութերի հանձնումից հետո դիտորդները հետևել են թվով 5 տեղամասային կենտրոններում քվեարկության սենյակի կահավորման ընթացքին։ Բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովները քվեարկության սենյակի կահավորումն ավարտել են օրենքով սահմանված ժամկետում՝ մինչև դեկտեմբերի 7-ի ժամը 24։00-ը։ Դիտարկված տեղամասերում խնդիրներ չեն արձանագրվել ։ 

Համայնքներում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր հատկացնելու պարտադիր լիազորության ապահովման առումով խնդիր է արձանագրվել Ալաշկերտ համայնքում։ Համայնքի գործող ղեկավարը, ով նաև ընտրապայքարում միակ թեկնածուն էր, պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր չի հատկացրել՝ նշելով, որ «քարոզչություն չի նախատեսել»։

Նախընտրական քարոզչություն

Քարոզչության նպատակով նախընտրական հիմնադրամներ դիտարկված համայնքներում թե՛ համայնքի ղեկավարի, թե՛ ավագանու անդամի թեկնածուների կողմից չեն բացվել՝ հիմք ընդունելով, որ դա պարտադիր պահանջ չէ մինչև 10,000 ընտրող ունեցող համայնքներում և այն դեպքում, երբ նախընտրական քարոզչության ծախսերը չեն գերազանցում 500,000 դրամը:

Մշակված նախընտրական ծրագիր են ունեցել հարցված թեկնածուներից միայն 4-ը։ Որպես նախընտրական ծրագիր չունենալու պատճառներ հիմնականում նշվել է հետևյալը․

  • ծրագրերը գյուղերում չեն աշխատում,
  • համայնքապետարանն է իրավասու իրականացնելու ծրագրեր,
  • ծրագրի կարիք չկա, քանի որ փոքր համայնքներում բոլորը տեղյակ են խնդիրներից և ճանաչում են միմյանց,
  • ֆորմալ ծրագրի կարիք չկա, քանի որ «ծրագրերը» հիմնականում ներկայացվում են ընտրողների հետ հանդիպումների միջոցով։

Թեկնածուներից ոչ ոք նախընտրական շտաբ չի բացել, բացառությամբ Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավարի թեկնածու Ոսկան Մինասյանի, ով բացել է 1 նախընտրական շտաբ։

Որպես քարոզչության մոտեցումներ թեկնածուները կիրառել են հիմնականում հանդիպումները ընտրողների հետ, ինչպես նաև բակային հանդիպումները, ֆեյսբուքյան և այլ սոցիալական ցանցերը։ Պաստառներ և բուկլետներ տպագրել են միայն Տափերական համայնքի թվով 2 թեկնածու։ Վճարովի/անվճար հեռուստագովազդի հնարավորությունից որևէ թեկնածու չի օգտվել։

Քարոզչության կանոնների խախտումներ չեն արձանագրվել՝ հիմնականում պայմանավորված փոքր համայնքներում պասիվ նախընտրական քարոզչության հետ։

Առաքելության դիտորդները դիտարկել են թվով 2 նախընտրական միջոցառում (հանդիպումներ ընտրողների հետ) Արագածի մարզի Կոշ և Արարատի մարզի Տափերական համայնքում, որոնք  ընթացել են հանդարտ, խաղաղ մթնոլորտում, չեն արձանագրվել բռնության, սպառնալիքի, ատելության խոսքի, կաշառքի և բարեգործության դեպքեր։ Միջոցառումների ընթացքում հիմնականում թեկնածուների կողմից ներկայացվել են համայնքում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված՝ թեկնածուների ծրագրերը: Նախընտրական միջոցառումների առումով հարկ է առանձնացնել Տափերական համայնքը, որտեղ համայնքի ղեկավարը կազմակերպել էր համայնքի ղեկավարի թեկնածուների հանդիպում ընտրողների հետ։ Հանդիպմանը ներկա էին թեկնածուներից 7-ը։ Բոլորին գրեթե հավասար րոպեներ են տրամադրվել իրենց ծրագրերը ներկայացնելու համար։ Համայնքից մասնակցել է մոտ 50 անձ։

Դիտարկվող համայնքների բնակիչները հիմնականում տեղեկացված են եղել ընտրությունների և առաջադրված թեկնածուների մասին, այնուամենայնիվ հարցվածների մեծամասնությունը ծանոթ չի եղել թեկնածուների նախընտրական ծրագրերին, իսկ նախընտրական շրջանը գնահատել է բավականին պասիվ՝ պայմանավորված ակտիվ քարոզչության բացակայությամբ։ 

Վարչական ռեսուրսի չարաշահում

Ֆինանսական ռեսուրսներ

«Ականատեսի» երկարաժամկետ դիտորդներն ուսումնասիրել են նաև 2019 թ․ հունիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ՏԻՄ-երի կողմից ընդունված որոշումները՝ ուշադրության կենտրոնում ունենալով համապատասխան համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ֆինանսական և հողային հատկացումները, հարկային արտոնությունները՝ մասնավորապես այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել էր գործող համայնքապետը: Միայն Շիրակի մարզի Անուշավան համայնքում համայնքի ղեկավարը հրաժարվեց տրամադրել պահանջվող փաստաթղթերը՝ նշելով, որ դրանք առկա են համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Նշված փաստաթղթերը համայնքապետարանի կայքում հնարավոր չեղավ գտնել։

Ուսումնասիրության արդյունքում էական խնդիրներ չեն արձանագրվել։ 

Քվեարկության օր

Քվեարկության նախապատրաստում

Տեղամասային կենտրոնները շարունակում են դժվարամատչելի մնալ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների համար։ Դիտարկված 11 տեղամասից 8-ում բացակայել են թեքահարթակները՝ անվասայլակով տեղամաս մուտք գործելու համար։

Տեղամասերից մեկում արձանագրվել է անհամապատասխանություն տեխնիկական սարքավորմամբ տպված և ընտրատեղամասում պատին փակցված ընտրողների թվերի միջև։ Տարբերությունը կազմել է 5 ընտրող։

Դիտարկված տեղամասերը քվեարկության համար հիմնականում բացվել են ժամը 8։00-ին։ 

Քվեարկության ընթացք

Թվով 1 տեղամասում արձանագրվել է ոչ միտումնավոր բաց քվեարկության 1 դեպք տարեց ընտրողի կողմից։ 

Թվով 3 տեղամասում արձանագրվել են խնդիրներ՝ կապված տեխնիկական սարքավորման հետ։ Նշված տեղամասերից մեկում գրանցվել է 21 և ավելի դեպք, երբ տեխնիկական սարքավորման միջոցով հնարավոր չի եղել գրանցել ընտրողին։ Նշված դեպքերում ընտրողների գրանցումը կատարվել է համարակալված հերթական կտրոններ լրացնելու միջոցով։  

Թվով 1 տեղամասում արձանագրվել է դեպք, երբ ընտրողների ցուցակում ընտրողի անվան դիմաց եղել է այլ անձի ստորագրություն։ Համաձայն սահմանված կարգի՝ ընտրողը քվեարկել է՝ ստորագրելով ընտրողների ցուցակի «լրացուցիչ նշումներ» սյունակում։

Ընտանեկան քվեարկության 1-3 դեպք արձանագրվել է թվով 3 տեղամասում։ 

Դիտարկված բոլոր 11 տեղամասերից յուրաքանչյուրում արձանագրվել է ընտրողների օգնության մեկական դեպք, իսկ ընտրողներին օգնելու կարգի խախտում (1-3 դեպք) արձանագրվել է թվով 3 տեղամասում։ Թիվ 12/2 տեղամասում օգնող անձը՝ առանց անձնական տվյալները գրանցամատյանում գրանցելու, օգնություն է ցուցաբերել ընտրողին և դրանից հետո է գրանցվել որպես ընտրող։ Խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցվել է գրանցամատյանում։

Նույն տեղամասի տարածքում վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի անդամի և ընտրողներից մեկի միջև, որի արդյունքում հանձնաժողովի անդամը դուրս է եկել ընտրատեղամասից։ Ընտրողը նույնպես դուրս է եկել ընտրատեղամասից՝ չկատարելով քվեարկությունը։ Հանձնաժողովի նախագահը չէր տիրապետում իրավիճակին, անդամները պարբերաբար ելումուտ էին անում տեղամաս և պատշաճ չէին իրականացնում իրենց պարտականությունները։ Դեպքի մասին ահազանգ է կատարվել թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողով։ Արդյունքում տեղամաս է ժամանել տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ։ Սակայն, նույնիսկ տարածքային հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությամբ տվյալ տեղամասային հանձնաժողովի նախագահը չէր վերահսկում իրավիճակը ընտրատեղամասում։

Թվով 1 տեղամասում դիտորդները արձանագրել են ընտրողների ուղղորդման 1 դեպք, երբ երկու անձի կողմից (որոնցից մեկը՝ վստահված անձ) իրականացվել է ընտրողի ուղղորդում տեղամասի հարակից տարածքում։ Տեղամասային հանձնաժողովի նախագահին և ոստիկանությանը տեղեկացնելուց և միջոցներ ձեռնարկելուց հետո տվյալ անձիք հեռացել են տեղամասի տարածքից։ Միևնույն ժամանակ, խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցվել է գրանցամատյանում։

Տեղամասերը հիմնականում քվեարկության համար փակվել են ժամը 20։00-ին։

Քվեարկության արդյունքների ամփոփում

Քվեարկության ամփոփման ընթացքը եղել է հանդարտ։ 

Գրանցվել է միայն հաշվարկի ընթացակարգի խախտում 12/2 տեղամասում։ Դեռ քվեարկության փուլից սկսած՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը շարունակել է ոչ պատշաճ իրականացնել իր պարտականությունները նաև ամփոփման փուլում։ Մասնավորապես, քվեաթերթիկները արկղից հանելուց և դասակարգելուց հետո իր և տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի համաձայնությամբ վստահված անձիք սկսել են վերցնել քվեաթերթիկները, հաշվել դրանք, ինչի հետևանքով հանձնաժողովի հետագա աշխատանքը խաթարվել է։ Դեպքի մասին տեղեկացվել է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ով խոստացել է կապվել թիվ 12/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի հետ։ Կարճ ժամանակ անց հանձնաժողովը վերադարձել է իր բնականոն աշխատանքին։

Արձանագրված խնդիրների հիման վրա դիմում-բողոքներ չեն ներկայացվել։

Ամփոփում 

«Ականատես» դիտորդական առաքելության՝ ՀՀ ընտրական համակարգի կատարելագործմանն ու գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկությունները հիմնականում ներկայացվել են ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցում: Ի լրումն տվյալ հրապարակման մեջ ներկայացված առաջարկությունների վերահաստատման, ՏԻՄ-երում կազմակերպվող ընտրությունների առնչությամբ «Ականատեսը» առաջարկում է.

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովներին՝ կազմակերպել պարբերական դասընթացներ տեղամասային և տարածքային հանձնաժողովի անդամների համար տեղական ինքնակառավարման ընտրությունների ընթացքում հանձնաժողովների աշխատանքների որակն ապահովելու նպատակով։ Նշենք, որ վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նմանատիպ դասընթացներ չեն իրականացվել։ 
  2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ իրականացնել հանրային իրազեկման արշավներ համայնքներում տեղական ինքնակառավարման ընտրությունների կարևորության վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության և ընտրական գործընթացներին մասնակցության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Անհրաժեշտ է նաև ձեռնարկել քայլեր համայնքներում ընտրություններն ավելի մրցակցային դարձնելու նպատակով՝ խթանելով ընտրապայքարում ծրագրային բանավեճերը և բազմակարծությունը ի շահ համայնքի կայուն զարգացման։ 



Դիտորդական առաքելության մասին

«Ականատեսի» նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությանը: Դիտորդական առաքելության անդամներն են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) ու «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպությունները, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:

«Ականատեսը» հիմնադրվել է 2018 թ.-ի օգոստոսին։ Այն գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի), թեկնածուի օգտին կամ դեմ: 

«Ականատեսը» դիտարկել է ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի ընտրությունները, ինչպես նաև ՏԻՄ ընտրությունները Երևանում և 16 համայնքներում: 2019 թ. հունիսի ընտրությունների դիտարկումն իրականացվել է Եվրոպական Միության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

Սույն տեղեկանքի բովանդակության համար պատասխանատու են «Ականատես» դիտորդական առաքելությունն ու դրա անդամ կազմակերպությունները, և այն չի արտացոլում դրամաշնորհատուի տեսակետները: