Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պատկերացրեք տարիներ հետո ՍԴ դատավոր կամ նախագահ եք, դուք վաղաժամ կենսաթոշակի կգնա՞ք․ պատգամավոր (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկմանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, նշեց․

«Պարոն Բադասյան, պատկերացրեք, որ  տարիներ հետո ՍԴ դատավոր կամ նախագահ եք, իշխանությունը փոխվում է և որոշվում է, որ Ձեր դատավարության կամ նախագահության ժամանակ ՍԴ-ն չի համապատասխանում իշխանության պատկերացումներին և Ձեզ առաջարկում են երիտասարդ տարիքում գնալ վաղաժամ կենսաթոշակի, Դուք  կգնա՞ք»։

Ի պատասխան Ռուստամ Բադասյանն ընդգծեց․  

«Դուք ասում եք իշխանության փոփոխություն է տեղի ունեցել,  բայց Հայաստանում ուղղակի իշխանափոխություն չի տեղի ունեցել, այլ թավշյա հեղափոխություն, որն  արդյունք էր տարիներ շարունակ կուտակված խնդիրների, այդ թվում՝ կոռուպցիայի բարձր մակարդակի, այդ թվում դատական համակարգի ձևավորման վրա՝ կոռուպցիայի ազդեցության, հետևաբար սրանք տարբեր իրավիճակներ են»,- առաջնահերթ նշեց նախարարը, ապա հավելեց․

«Եթե խնդիրը նրանում է, որ ես նշանակված լինեմ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ի կողմից, այսինքն չլինի այն գնահատականը, որ Հայաստանի դատական համակարգի շուրջ տարիներ շարունակ եղել են, ես խնդիր կտեսնեմ վաղ կենսաթոշակի առաջարկի մասով, որովհետև ես խնդիր կտեսնեմ  իշխանության փոփոխությամբ պայմանավորված դատական համակարգը վերաձևակերպելու ցանկությամբ, սակայն այն խորքային խնդիրները, որոնք կան Հայաստանում և հեղափոխությունից հետո ձևավորված նոր Կառավարությունը խնդիր ունի դրանք լուծելու հերթականությամբ և կոռուպցիան արմատախիլ անելու դատական համակարգից, ապա այս պարագայում պետության կողմից  մեկնված ձեռքը սեղմելը պատվով հեռանալու տարբերակ է»,- ասաց Արդարադատության նախարարը։