Բացել լրահոսը Փակել լրահոսը
Երանոս (2)
A A
Հասարակություն

Երանոսի ղեկավարը՝ համայնքում գերեզմանոցի հետ կապված իրավիճակի մասին

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի բնակչուհի Անգին Մխեյանը կառավարության դիմաց ակցիայի ժամանակ «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր, թե իր ազգականներն (հորեղբոր ընտանիքի անդամները) իր հայրական գերեզմանի ներքին ցանկապատը հանել են և առանց իր համաձայնության ընդհանուր են դարձրել Մխեյաններ տոհմի գերեզմանը։ Մեխեյանն ասել էր, որ դիմել է համայնքապետին և իրավապահ մարմիններին, սակայն իր համար ցանկալի որևէ քայլ այդ առնչությամբ չի կատարվել։

Այսօր մեզ զրույցում Երանոսի համայնքապետ Սաշա Բավեյանը անդրադարձավ ստեղծված իրավիճակին։ 

Բավեյանն ասաց, որ Անգին Մխեյանը շուրջ 18 տարի Երանոսում չի ապրել, սեփական ընտանիք չունի։

«Մեծ ազգություն, շատ պատվարժան տոհմ ունի, սակայն որևէ մեկի տուն չի գնում, քանի որ բոլորի հետ հարաբերությունները խզված են։ Մայիսին Ռուսաստանից զանգել է, և ինձ ասել, որ այսպիսի բան է եղել»։ 

Գերեզմանոցի ընդհանուր ցանկապատից զատ, ըստ համայնքապետի, ներսի ցանկապատ է եղել, որը հանել են Մխեյանի ազգականները, մյուս գերեզմանոցում, իսկ Անգին Մխեյան հորեղբայրներն են Երեմ և Քյարամ Մխեյանները, որոնք նույնպես այդ գերեզմանոցում են թաղված, իսկ Անգին Մխեյանի հայրը՝ Ամիրխանն է։ Երանոսի համայնքապետի խոսքերով՝ Ամիրխանի գերեզմանը ընդհանուր ցանկապատի մեջ առանձնացված է եղել մյուս գերեզմաններից։ 

«Հորեղբոր երեխաները որոշել են ներսի ցանկապատը հանել, էդ մի բանը ճիշտ է ասում։ Որոշել են հանեն ցանկապատը միջից ու դարձնել ընդհանուր։ Հիմա այս մարդը ասում է «Ինչի՞ են առանց մեզ ասելու հանել»։ Ինքն իրավունք ունի ասելու, դա իրենց ընտանեկան, հարազատական հարցն է։ Ինքը երբ որ եկել է այստեղ , իրենց ուղղակի կարծիքը չեն հարցրել, մյուս եղբոր ժառանգները (Քյարամի և Երեմի ժառանգները – հեղ․) հանել են դա»,- ընդգծեց նա։

Մխեյանի զանգահարելուց հետո համայնքապետը զբաղվել է ցանկապատի հարցով։ Հավելեց, որ  համայնքի ղեկավարի որոշման համաձայն՝ կա համայնքի գերեզմանատան պատասխանատու և պահակ։ 

«Ինքը, երբ որ մայիսին եկել է համայնք, ինձ է հանդիպել առաջինը։ Իրեն ընդունել եմ, անմիջապես իմ տեղակալի հետ միասին գնացել եմ իր հորեղբոր օջախը, որի երեխաները մասնակից են եղել ցանկապատի հանելուն։ Այն տունը, որտեղ ինքը մնացել  է Ռուսաստան գնալուց առաջ․ այդքան մոտիկ է եղել հետները։ Ինքն ինձ ասել է «Ընկե՛ր Բավեյան, այդտեղ Դուք մի գնացեք։ Դրա էղածն ի՞նչ ա, որ Դուք գնաք»։ Ես պատասխանել եմ՝ «Ես դա մտահոգություն եմ համարում իմ համար, որովհետև դու Ռուսաստանից 18 տարի գնացել եք և այդ հարցով վերադարձել եք, ես անձամբ պիտի զբաղվեմ»,- մանրամասնեց Բավեյանը։ 

Համայնքապետը շարունակեց, որ գնացել է Անգին Մխեյանի հորեղբոր տուն, տան հարսն է տանը եղել, ասել է՝ «Ի՞նչ է եղել», հարսը պատասխանել է՝ «Որոշել ենք, հանել են, Բավեյան ջան»։ «Ես էլ ասել եմ՝ «Հանել եք, ճիշտ չեք արել, իրենց կարծիքը չեք հարցրել։ Հիմա էդ ցանկապատը բերեք, դրեք տեղը»,- ընդգծեց Սաշա Բավեյանը։ 

Վերջինս նշեց, որ համայնքում եթե մեկն ունի ընտանեկան գերեզման, օրինակ՝ 90-ական թվականներին մետաղյա ցանկապատ է օգտագործել, այդ գերեզմանոցը տարանջատել է ընդհանուրից գերեզմանոցից, մի քանի տարի հետո գալիս է թոռներից կամ ժառանգներից մեկը, ցանկապատը հանում է կամ բազալտ է դնում․ «Օտար մարդ չի հանողը, որ համայնքապետը կամ պահակն ասի «Հո՛պ, էս ի՞նչ ես անում»։

Բավեյանը ստահոդ է համարում է Անգին Մխեյանի հայտարարությունը, թե վերջինս տեսել է՝ ինչպես են ազգականները մեքենայով տեղափոխում ցանկապատը, քանի որ այդ ժամանակ դեռևս ՌԴ-ում է եղել․ «Կամ եթե տեսել է, թող անմիջապես դիմեր գյուղապետին։ Այստեղ չի եղել, սուտ է ասում։»

Երանոսի համայնքապետը նշեց, որ նույնիսկ մյուս կողմն առաջարկել է ցանկապատ պատվիրել և դնել նախկին ցանկապատի տեղում, սակայն Անգին Մխեյանն առարկել է՝ պահանջելով նախկին ցանկապատը։ 

«Հետո Մխեյանը դիմել է այլ մարմինների, ինչպես նախկինում ասել էր։ Հետո այդպես թողել-գնացել է Ռուսաստան։ Ես երկար տարիներ համայնքի դպրոցում տնօրեն եմ աշխատել, մարզպետարանում կրթության վարչության պետի տեղակալ եմ աշխատել անբասիր։ Հետո ընտրվել եմ համայնքի ղեկավար և ծառայում եմ ժողովրդին։ Ո՞նց կարող է մեկը գա մոտս, ասեմ՝ «Ստեղից թող գնա՛»»,- շեշտեց նա։ Բավեյանն ասաց, որ որևէ կերպ կոռուպցիայի չի դիմել և այս պահին էլ համայնքապետարանում կա 3 թափուր հաստիք։

Երանոսի ղեկավարը հերքեց նաև այն տեղեկությունը, թե իր համագյուղացի Մելիք Քարամյանի կինը չի աշխատել և բյուլետեն է ստացել։

«Անգին Մխեյանը 2008 թվականից այստեղ չի բնակվել, հարկեր չի մուծել, մի դրամ համայնքապետարանում չի մուծել։ Ինքը նույնիսկ չգիտի, թե մենք ինչպես ենք աշխատավարձ ստանում։ Ասածներից միայն իրականությունն այն է, որ գերեզմանոցի ցանկապատը հանվել է։ Արդեն կասկածում եմ, որ Անգին Մխեյանն ինքն է թաքցրել ցանկապատը ու «շառ» է անում իր ազգականների վրա»,- ասաց Երանոսի համայնքապետը։