Բացել լրահոսը Փակել լրահոսը
78392212_2467648493524119_4785125069946880000_n
A A
Հասարակություն

Հայրական գերեզմանոցի ցանկապատերը քանդել են․ Երանոսի բնակչուհին բողոքում է (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի բնակչուհի Անգին Մխեյանը կառավարության շենքի դիմաց է։

«Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ իր հայրական գերեզմանոցի ցանկապատերը քանդել են և տարել։ 

«Հորս գերեզմանը խոշտանգել են։ Պոկել են ցանկապատը, խփել են, քարը ջարդել են, բազմաթիվ անգամ դիմել եմ գյուղսովետի նախագահին (համայնքապետ - հեղ.), պարո՛ն Փաշինյանի անվամբ բազմաթիվ դիմումներ եմ ներկայացրել բազմաթիվ տեղեր, գործը գնացել է դատարան, քննչական մարմիններ։ Գործը կարճել են, չեմ ստացել առ այսօր պատասխան», - պատմեց նա։

Դեպքը տեղի է ունեցել այս տարվա փետրվար ամսին։ Ցանկապատը, ըստ քաղաքացու, տեղափոխել են զինվորական բեռնատարի նման մեքենայով։ Մխեյանն ասաց, որ ցանկապատը տանողները եղել են իր ազգականները։ Նա նշեց, որ իրավապահ մարմինները գործը կոծկել են։ 

Անգին Մխեյանը Գլխավոր դատախազությունից իրեն ուղղված գրություն ցույց տվեց, որում գրված է․ «2019 թվականի մարտ ամսին մահացել է Երանոս համայնքի բնակիչ, իրենց ազգական Երամ Մխեյանը, ով մահանալուց առաջ թոռանը՝ Համբարձում Մխեյանին խնդրել է, որ մահից հետո իրենց ազգականների գերեզմանները միացվեն, և դառնա մեկ ամբողջական գերեզման, ինքը չի ցանկանում, որ իրենց գերեզմանները միմյանցից տարանջատված լինեն ցանկապատով։ Վերջինիս մահից հետո Շիրազ Գեղամի, Հովհաննես Գեղամի, Արտակ Վոլոդիայի, Համբարձում Արայիկի և Քյարամիկ Ռաֆիկի Մխեյանները գնալով Մխեյանների գերեզմանատուն, որտեղ գտնվում են նաև Անգին Մխեյանների ծնողների գերեզմանները, տեղահան են արել մեջտեղի հատվածում գտնվող ցանկապատը և դրել  են գերեզմանի մոտակայքում՝ Սեդա Նրգեյանի հողամասի մոտ»։ 

Գրության մեջ կարդում ենք նաև, որ «Անգին Մխեյանը իր ցուցմունքով հայտնել է, որ հիշյալ անձինք, իր ծնողների գերեզմանի ցանկապատը հանել են, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում ունեն միմյանց հետ թշնամական հարաբերություններ, և այն կապված է դրա հետ»։

 Երանոսի բնակչուհին նաև ասաց, որ Երամ Մխեյանը մահացել է դեռևս 1984 թվականին, և այսպիսի բան չէր կարող ցանկացած լինել։