Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաղաքացիները՝ առողջության պարտադիր ապահովագրության մասին (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է ՀՀ քաղաքացիների համար առողջապահական ծառայությունները դարձնել անվճար՝ կիրառելով նոր հարկատեսակ՝ բոլոր աշխատող քաղաքացիների ամսական աշխատավարձերից 4-6 տոկոսի չափով պահում կատարելով։

«Ա1+»-ը հարցում իրականացրեց՝ պարզելու, թե ինչպես են վերաբերում քաղաքացիները առողջության պարտադիր ապահովագրությանը։

Հարցված քաղաքացիների մի մասը կողմ արտահայտվեց օրենսդրական նախաձեռնությանը՝ նշելով, որ սա աշխարհում ընդունված պրակտիկա է։

 Մյուս մասը շեշտեց, որ այս պահին պատրաստ չէ ապահովագրական ծառայությանը գումար հատկացնել, որովհետև վստահություն չունի։

«Ես հիմա օգտվում եմ սոցիալական փաթեթից և գտնում եմ, որ ապահովագրությունն իրոք անհրաժեշտ է, ես 6 տոկոսի մասին չեմ ասում, որովհետև խիստ ինդիվիդուալ է դա, բայց պարտադիր բժշկական ապահովագրությանը դեմ չեմ»,-նշեց հարցված քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ թեև այս պահին գործատուի կողմից իր առողջությունը ապահովագրված է, բայց առաջարկվող նախագծին դեմ է․

«4-6 տոկոս հարկերի ավելացմանը կտրուկ դեմ եմ, ու եթե շարժում սկսվի անպայման կմիանամ»։

Հիշեցնենք, որ «ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ»-ով նախատեսվում է, որ  ապահովագրությունը ծածկելու է ՀՀ-ում բնակվող բոլոր քաղաքացիների, այդ թվում չաշխատողների բուժսպասարկման ծախսերը։

Նշենք, որ պարտադիր առողջապահական ապահովագրական փաթեթը կներառի թերապևտիկ, մանկաբույժի, ընտանեկան բժշկի ծառայությունները, լաբորատոր հետազոտությունները, սիրտ-անոթային հիվանդությունները, այդ թվում՝ սրտի վիրահատությունները, ճառագայթային թերապիան,  քիմիաթերապիան։ Ստոմատոլոգիական ծառայություններից ընդգրկում է միայն զննումը, ատամի հեռացումը և պլոմբավորումը։

Մանրամասները՝ տեսանյութում։