Հայաստանը չի մասնակցի առաջին վարկանիշին
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես տեղեկացանք Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից, մեր մարզիկները չեն մասնակցի 2010 թ աշխարհի «Մաստերս» դասի անդրանիկ մրցաշարին, որը 2012 թ օլիմպիական խաղերի վարկանիշային առաջին մրցաշարն է: Այն տեղի կունենա հունվարի 16-17-ը հարավկորեական Սուվոնում:
Մեր ձյուդոյիստները ներկայումս պատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկություններին: Տղամարդկանց մրցաշարը կկայանա Թբիլիսիում (Վրաստան), կանանցը` Սոֆիայում (Բուլղարիա), միեւնույն օրերին` հունվարի 30-31-ը:
Թբիլիսիում Հայաստանի հավաքականը հանդես կգա 12 հոգով: Բանն այն է, որ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի վերջին որոշմամբ 2010 թվականից սկսած աշխարհի առաջնության եւ գավաթի խաղարկության մասնակից երկրները յուրաքանչյուր քաշային կարգում կարող են հայտավորել երկուական մարզիկ: Սոֆիայում կայանալիք կանանց մրցաշարին Հայաստանից կմասնակցի միայն Անուշ Հակոբյանը: