Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» պրոֆեսիոնալ մարզիչ է հրավիրել

Սպորտ

Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին այսօր իր առաջին մամուլի ասուլիսը տվեց Հայաստանում:

Մակեդոնացի մասնագետը իր բացման խոսքում ասաց, որ ինքը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու մարզիչ է, եւ որ արդեն 30 տարի է, ինչ մեծ ֆուտբոլում է:

«Հայաստանում մարդիկ այնպիսի մենթալիտետ ունեն, ինչպես Բուլղարիայում ու Սերբիայում էր, որտեղ նախկինում աշխատել եմ: Կարծում եմ, դա ինձ կօգնի արագ հարմարվել եւ ինտեգրվել հայկական ֆուտբոլին: Անձամբ կաշխատեմ արագ յուրացնել հայոց լեզուն, որպեսզի կարողանամ լավ հասկանալ եւ ըմբռնել տեղացի ֆուտբոլիստներին»:

Ստեւիցա Կուզմանոսկին իր համար մեծ պատիվ է համարում, որ նշանակվել է «Բանանցի» գլխավոր մարզիչ. «Բանանցը» մեծ ամբիցիաներ հետապնդող ակումբ է եւ իր առջեւ միշտ բարձր խնդիրներ է դնում: Իսկ ահա իմ մարզած նախկին թիմերն հիմնականում նպատակ էին դնում մնալ ուժեղագույն խմբում: Հենց այդ պատճառով էլ ես լքեցի բուլղարական «Մոնտանան»:

Մակեդոնացի մասնագետը հաշվի առնելով այդ հանգամանքը` հույս հայտնեց, որ որպես պրոֆեսիոնալ մարզիչ «Բանանցի» հետ կնվաճի իր առաջին մրցանակը:

«Ա1+»-ի թղթակցի այն հարցին, արդյոք մինչեւ «Բանանցի» հետ բանակցելը հրավերք ունեցել է Ադրբեջանից, Ստեւիցա Կուզմանոսկին պատասխանեց: «Նման խոսակցություններ կային, բայց ադրբեջանցիների առաջարկից այդպես էլ չհասկացա, թե ինչ են պահանջում կամ սպասում ինձանից»: